ԵՄ-ն մասամբ է ճանաչում սիրիական ընդդիմությունը

00:45 • 20.11.12

ԵՄ-ն «ակտիվ աշխատանք կտանի սիրիական ընդդիմության հետ, որ նրան համակողմանի անհրաժեշտ օգնություն ցուցաբերի»: Այս մասին նեյեմբերի 19-ին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Բրյուսելում Եվրոպական Խորհրդի ԱԳՆ նախարարների մակարդակով հանդիպման ավարտին, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:

 

Էշթոնը փաստացի ընդունել է, որ սիրիական ընդդիմության հետ հարաբերությունների հետ կապված՝ ԵՄ երկրների միջև մոտեցումների հարցում տարաձայնություններ կան:

 

Նախարարները չեն կարողացել համաձայնեցնել Ազգային ընդդիմադիր կոալիցիայի և հեղափոխական ուժերի (ԱԸԿՀՈւ) ճանաչումը, որպես «սիրիական ժողովրդի միակ լեգիտիմ ներկայացուցիչ», ինչին ջանում էր հասնել Ֆրանսիան:


Նման ձևակերպում էր փորձվել նախորդ տարի Լիբիայի ճգնաժամի ընթացքում: Փորձը ցույց տվեց, որ իրականում դա նշանակում է տեղական հակամարտությունում կողմի վերջնական ընտրություն և, որոշակի իմաստով, սանձարձակում է ապստամբներին համակողմանի աջակցություն տրամադրելու հնարավորությունը:
Դրա փոխարել ԵՄ երկրները համաձայնեցրել են իրավաբանորեն անորոշ ձևակերպում՝ ընդդիմությանը ճանաչելով Սիրիայի «ժողովրդի ձգտումների օրինական ներկայացուցիչ»:


«Մենք ընտրել ենք ձևակերպում, որի հետ համաձայն են ԵՄ բոլոր երկրները», - հայտարարել է Էշթոնը:


ԵՄ երկրները լիովին հասկանում են, որ ԱԸԿՀՈւ-ն դեռ ամենևին էլ չի արտահայտում Սիրիայի բորոր բնակիչների տեսակետները, ինչի մասին ուղղակիորեն ասվում է ԵՄ խորհուրդի վերջնական հայտարարության մեջ:


Որպես ԵՄ երկրների տարաձայնությունների հետևանք, չնայած եվրոպական մի շարք ազդեցիկ քաղաքական գործիչների կոչերին` վերանայել Սիրիա զենք մատակարարելու եվրոպական սահմանափակումը, այդ հարցը ընդհանրապես չի մտցվել Սիրիայի հարցով ԵՄ խորհրդի վերջնական հայտարարության մեջ:

 

Եվրոպական փորձագետները նշում են, որ Սիրիայի ընդդիմադիրները արդեն իսկ ավելի քան բավարար թեթև հրազեն ունեն և առաջին հերթին՝ դյուրակիր զենիթա-հրթիռային համալիրների և հրետանային և ականանետային կայանների կարիք են զգում: Եվրոպական միությունը նման տեսակի զենքերի մատակարարմամբ զբաղվել չէր ցանկանա, քավի որ զենիթա-հրթիռային համալիրները միջազգայնորեն հաստատված վտանգ են քաղաքացիական օդանավերի համար` դրանց ահաբեկիչների ձեռքում հայտնվելու պարագայում: Իսկ հրետանին և ականանետերը տեղական հակամարտությունների ընթացքում հիմնական վտանգ են ներկայացնում խաղաղ բնակչության համար, որի անվտանգության մասին այդքան խոսում է ԵՄ-ն:


Որպես արդյունք՝ ԵՄ 27 երկրների ԱԳՆ ղեկավարների վերջնական հայտարարության մեջ խոստում կա Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու, նաև կոչ է արվում Սիրիայի օգնության բոլոր դոնորներին հետևել այդ օրինակին:


ԵՄ երկրները նաև դիմել են բոլոր պատերազմող կողմերին՝ պահանջելով պահպանել պատերազմի վարման միջազգային մարդասիրական նորմերը և բժշկական օգնություն տրամադրել վիրավորներին և տուժածներին: