Հնդկուհիները ձերբակալվել են Facebook-ում կառավարությանը քննադատելու համար

11:05 • 20.11.12

Հնդկաստանում երկու կանայք ձերբակալվել են Facebook սոցիալական ցանցում մեկնաբանություն գրելու համար, ինչը հանրության շրջանում կտրուկ արձագանք է ստացել, տեղեկացնում է BBC-ն։

 

Նրանցից մեկը քննադատել է Մումբայ քաղաքում բոլոր պետական հաստատությունների փակումը՝ Հնդկաստանում հայտնի քաղաքական գործիչ Բալ Տակերեյի մահվան կապակցությամբ։ Մյուս կինն էլ «լայք» է արել ընկերուհու այդ մեկնաբանությանը։

 

21-ամյա Շախին Դհանդան գրել է. «Այնպիսի մարդիկ, ինչպիսին Տակերեյն է, ծնվում և մահանում են ամեն օր, և կարիք չկա դրա պատճառով փակել քաղաքի բոլոր հաստատությունները»։

Այժմ նրան մեղադրում են «կրոնական զգացմունքները ոտնահարելու» մեջ։


Հնդկաստանի հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Կապիլ Սիբալը հայտարարել է, թե խորապես ազդվել է ձերբակալություններից։


Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Հնդկաստանում իշխանությանը սոցիալական ցանցերում քննադատելու համար մարդ է ձերբակալվում։
Հոկտեմբերին 46-ամյա գործարարը ձերբակալվել էր Twitter-ի իր միկրոբլոգում արած գրառման համար, որտեղ նա բացասաբար էր խոսել Հնդկաստանի ֆինանսների նախարարի որդու մասին, իսկ ապրիլին ձերբակալվել էր մի ուսուցիչ, ով բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար էր տարածել։ Նրանք ավելի ուշ գրավի դիմաց ազատ էին արձակվել։