Ազգային գրադարանից հազվագյուտ գրքերի գործը՝ այսօր դատարանում

11:22 • 20.11.12

Կենտրոն Նորք–Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում այսօր կշարունակվի Հայաստանի ազգային գրադարանի գրապահոցից առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 7.5 մլն դրամ արժողությամբ, 1800-1900թթ. հրատարակության, մատենագիտական նշանակություն ունեցող 150 միավոր ռուսերեն տարբեր գրքերի գողության փաստով դատաքննությունը:


Գործով անցնում են Վրաստանի և ՀՀ յոթ քաղաքացիներ. Վաժա Ազարիաշվիլիին, Երվանդ Ղամբարյանը, Հասմիկ Դուրգարյանը, Կարեն Հովհաննիսյանը, Վարդան Եղիազարյանը, Դավիթ Ղամբարյանը, Աբգար Հովսեփյանը: Ոմն Վլադ Տրուբիցին էլ գտնվում է հետախուզման մեջ:


Ըստ որում, մեղադրյալներից երեքը՝ ոստիկաններ են՝ Երվանդ Ղամբարյանը, Դավիթ Ղամբարյանը, Աբգար Հովսեփյանը, որոնք ըստ մեղադրական եզրակացության՝ 2010թ-ի հուլիսին նախնական համաձայնության են եկել Վաժա Ազարիաշվիլիի և ոմն Վլադ Տրուբիցինի հետ, որպեսզի վերջիններս 2010թ.-ի հուլիսից մինչև 2011թ-ի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ապօրինի մուտք գործեն Ազգային գրադարանի գրապահոց և այնտեղից գողություն կատարեն:


Կոնկրետ Դավիթ Ղամբարյանին վերագրվում է, որ նա բացել է գրադարանի վարչական շենքի կենտրոնական մուտքի դուռը և Վաժա Ազարիաշվիլին և Կարեն Հովհաննիսյանը նրա թույլտվությամբ մուտք են գործել տարածք և գողության նպատակով ուսումնասիրել այնտեղ առկա գրքերը, դրանց տեղաբաշխումը, ինչպես նաև վերացրել են «Թամանյանական» մասնաճյուղի շենքի մուտքի դռան մոտ գտնվող խոչընդոտները:


Գրադարանի նախկին աշխատակից, Սարգիս և Մարի Իզմիրյանների անվան գիտական գրադարանի հնատիպ, հազվագյուտ և արվեստի գրականության բաժնի նախկին վարիչ Հասմիկ Դուրգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պետական մարմնում կազմակերպական-տնօրինչական ու վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույք»:


Մյուս քաղաքացիների Կարեն Հովհաննիսյանին, Վարդան Եղիազարյանին վերագրվում է գրքերի գողությունը: