Նոր մանրամասներ «Մուշ» ռեստորանում փաստաբանի սպանության դեպքից

13:44 • 20.11.12

Երեկ ոստիկանություն է ներկայացել 1979 թ. ծնված Արտակ Վերանյանը, ով, ըստ նախաքննության, նոյեմբերի 18-ին, ժամը 22.00-ի սահմաններում, եղբոր՝ Արեն Վերանյանի և 1981թ. ծնված Սամվել Դիլոյանի հետ «Մուշ» ռեստորանային համալիրում բռնություն է գործադրել ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սամվել Շարբաթյանի նկատմամբ, այս մասին տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքը:


Վիճաբանության ընթացքում, Արտակ Վերանյանը խլելով Ս. Շարբաթյանի ձեռքին եղած ատրճանակը՝ մի քանի անգամ կրակել էր նրա ուղղությամբ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա դեմքին, մարմնին և սպանել նրան:
Արտակ Վերանյանը ոստիկանություն է ներկայացրել նաև այդ ատրճանակը:


Հիշեցնենք, որ Փաստաբանների միության 49-ամյա անդամ Սամվել Շարբաթյանի մահվան վերաբերյալ վարկած էր հայտնել ՀՀ Փաստաբանների միության նախագահ Ռուբեն Սահակյանը՝ համոզմունք հայտնելով, որ նրա սպանությունը կենցաղային հողի վրա իրականացված վայրագ սպանություն է, որն ուղեկցվել է նաև ծեծով: Հաղորդվում էր, որ վեճն առաջացել է անձնական հարցերի շուրջ նրանից պարզաբանումներ ստանալու առիթով:


Ըստ ոստիկանության՝ պարզվել է, որ նոյեմբերի 18-ին, ժամը 22.00-ի սահմաններում, եղբայրներ Արտակ և Արեն Վերանյանները և 1981թ. ծնված Սամվել Դիլոյանը «Մուշ» ռեստորանային համալիրում հանդիպել են Սամվել Շարբաթյանին` անձնական հարցերի շուրջ նրանից պարզաբանումներ ստանալու նպատակով:


«Ծագած վիճաբանության ընթացքում Արտակ և Արեն Վերանյանները կոպիտ կերպով խախտելով ռեստորանի աշխատանքը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հաճախորդների ու սպասարկող անձնակազմի նկատմամբ՝ վիճաբանել են Սամվել Շարբաթյանի հետ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել նրա հասցեին և շուրջ 15 րոպե խախտել հասարակական կարգն ու խաթարել ռեստորանի բնականոն աշխատանքը»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում։


Արտակ Վերանյանը ձերբակալված է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ներկայում ձեռնարկվում են միջոցառումներ Արեն Վերանյանին և Սամվել Դիլոյանին հայտնաբերելու ուղղությամբ:


Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ՝ սպանության հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է:


Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր օդամղիչ ատրճանակից կրակելու համար նախատեսված 4,5 մմ տրամաչափի մետաղական 5 գնդակ: