Լեհաստանում երկրի նախագահի և խորհրդարանի դեմ ուղղված ահաբեկչություն է կանխվել

14:46 • 20.11.12

Լեհաստանի Ներքին անվտանգության գործակալության աշխատակիցները (ՆԱԳ) ձերբակալել են մի տղամարդու, ով, ըստ քննիչների տվյալների, պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել երկրի իշխանությունների դեմ, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Polskie Radio-ին։

 

Կրակովում ձերբակալված կասկածյալը պատրաստվում էր մի շարք պայթյուններ իրականացնել Վարշավայում նոյեմբերի 11-ին՝ Լեհաստանի անկախության օրվա տոնակատարությունների ժամանակ։


Այդ նպատակով նա իր տանը մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքեր է պատրաստել։ Ըստ դատախազության տվյալների՝ ահաբեկչի թիրախը պետք է լինեին խորհրդարանը, նախագահը և կառավարությունը։


Ահաբեկչությանը պատրաստվելու ժամանակ կասկածյալը եկել է Վարշավա, որպեսզի պարզի Լեհաստանի առաջին դեմքերի երթուղին, ինչպես նաև ուսումնասիրի մայրաքաղաքի կենտրոնը։


ՆԱԳ աշխատակիցները հետևել են նրան մի քանի շաբաթ, որից հետո նոյեմբերի 5-ին նա ձերբակալվել է իր կրակովյան բնակարանում։ Նա արդեն խոստովանել է իր մեղքը։

 

Մոտ ժամանակում իրավապահ մարմինների ներկայացուցիչները մամուլի ասուլիս կհրավիրեն, որտեղ կներկայացնեն կատարվածի մանրամասները։