Իսրայելը ռմբահարելով Russia Today-ի բյուրոն այժմ էլ բողոքի նոտա է հղում. Մարգարիտա Սիմոնյան
Իսրայելը կողմնակալ է անվանել Russia Today անգլալեզու հեռուստաալիքի խմբագրական քաղաքականությունը պաղեստինա-իսրայելալական հակամարտության լուսաբանման մասով: Այս մասին իր Twitter-ի միկրոբլոգում հայտնել է Russia Today ալիքի գլխավոր տնօրեն Մարգարիտա Սիմոնյանը:
Նրա խոսքով, Իսրայելը հեռուստաալիքին բողոքի նոտա է հղել, որում դժգոհություն է հայտնվում Իսրայելի և Պաղեստինի միջև բախումների «միակողմանի» և «ոչ օբյեկտիվ» լուսաբանման համար:
«Ռմբահարել իրենց դուր չեկած հեռուստաալիքի բյուրոն, դրա համար ներողություն չխնդրել և հետո նաև այդ ալիքին բողոքի նոտա հղել` դա շատ օբյեկտիվ է և բազմակողմանի»,- դրան ի պատասխան գրել է Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Russia Today-ի Ղազայի հատվածում գտնվող գրասենյակը ռմբահարվել էր Իսրայելի օդուժի կողմից: Հեռուստաալիքի բյուրոն տեղակայված էր «Ալ Շավա» բիզնես կենտրոնի վերջին հարկում: Հրթիռի հարվածից ավերվել էր գրասենյակը, սակայն լրագրողները չէին տուժել:
Բացի Russia Today-ից, այդ օրվա ռմբահարումներից տուժել են նաև մի քանի արևմտյան ալիքների ներկայացուցչություններ, այդ թվում գերմանական ARD-ի, բրիտանական Sky News-ի և ԱՄԷ-ի «Ալ Արաբիա» ալիքի:










