10 տարվա ազատազրկում՝ 10 մլն եվրո կաշառքի համար. Խորվաթիայի նախկին վարչապետն ազատազրկվել է

17:26 • 20.11.12

Խորվաթիայի դատարանն այդ երկրի նախկին վարչապետ Իվո Սանադերին մեղավոր է ճանաչել ապօրինի եկամուտներ ունենալու համար և դատապարտել է 10 տարվա ազատազրկման, հայտնում է Associated Press-ը: Դատավարությանը հետևել են նաև Եվրոպական Միությունից:

 

59-ամյա Սանադերը վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 2004-2009թթ.: Նա երբևէ ազատազրկման դատապարտված առաջին խորվաթ պաշտոնյան է:

 

Սանադերը մեղավոր է ճանաչվել հունգարական MOL նավթային ընկերությունից 10 մլն եվրո կաշառք ստանալու համար: Դրա դիմաց վարչապետը հունգարացիներին վերահսկող դեր էր ապահովել իր երկրի INA պետական նավթային ընկերությունում:

Աղբյուրը նշում է, որ նախկին պաշտոնյան իր վճիռը լսելուց հետո հույզեր չի դրսևորել, իսկ դրանից հետո նրան ուղեկցել են բանտ: