Տեղի է ունեցել Սեյրան Օհանյանի հեղինակած գրքի շնորհանդեսը

20:03 • 20.11.12

Այսօր տեղի ունեցավ Սեյրան Օհանյանի հեղինակած «Հայկական բանակի 20-ամյա տարեգրություն» գրքի շնորհանդեսը։
«20-ամյա հերոսական ճանապարհի հուշերով, ազգային հպարտության զգացմամբ, գալիք հաղթանակների հանդեպ անխախտ հավատով և հույսով, որ Հայոց բանակի 20-ամյա տարեգրությունը ոգեշնչման աղբյուր կդառնա բազմաթիվ հայրենասեր սերունդների համար: Սիրով` Սեյրան Օհանյան»,– այս գրությամբ է սկսվում գիրքը:


Գրքում ժամանակագրական ընթացքով ներկայացվում է Արցախյան ազատամարտի համառոտ պատմությունը և կանոնավոր բանակի ստեղծման ուղին:


Ժողովածուի երկրորդ մասը, ուր զետեղված են ՀՀ նախագահների ելույթներ և հրամանագրեր, ՀՀ պաշտպանության նախարարների և մասնավորապես Սեյրան Օհանյանի ելույթներ, գիտական հոդվածներ և հատվածներ զինված ուժերի անձնակազմին պաշտպանության նախարարի ուղերձներից, հատվածներ հասարակության և լրագրողների հետ հանդիպումների ընթացքում ունեցած զրույցներից, ընթերցողին ամփոփ պատկերացում են տալիս հայկական բանակի այսօրվա նվաճումների, վաղվա տեսլականի և այն խնդիրների մասին, որոնց լուծման վրա է բևեռված Սեյրան Օհանյանի, Պաշտպանության նախարարության ղեկավարության և զինված ուժերի հրամանատարության ուշադրությունը:


Սեյրան Օհանյանն իր խոսքում ասաց, որ այս տարեգրության ձևավորմանը մասնակից ենք մենք բոլորս: «Իմ գործունեության ընթացքում ես մշտապես օգտվել եմ գրիչից թղթից, և սկսած 2000թ.-ից ես որդեգրել եմ այդ քաղաքականությունը»,- շնորհանդեսի ժամանակ ասաց նա։


Սեյրան Օհանյանը նաև նշեց, որ գիրքը հիմնականում մեր անցած ճանապարհի վերագնահատման և վերաարժեվորման արդյունք է: