«Տաշիր»-ի աշխատողները դեմ են ևս մեկ ժամ ավել աշխատելուն և պահանջում են շաբաթական 1 հանգստյան օր

08:10 • 20.11.12

«Տաշիր» առևտրի կենտրոնի վաճարողները երեկ գալով աշխատանքի՝ տեղեկացել են, որ որոշ ժամանակ անց իրենց աշխատանքային ժամը կերկարաձգվի 1 ժամով, ինչպես նաև կզրկվեն ամսական իրենց 1 հանգստյան օրից:

Tert.am-ին այս մասին տեղեկացրել են առևտրի սրահի մի քանի աշխատողներ: Նրանցից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ՝ ասելով, որ ոչ թե վախենում է աշխատանքը կորցնել, այլ չի ցանկանում վնասել իր գործատուին, ասել է, որ սրա մասին տեղեկանալով գնացել են տնօրինության մոտ և հայտնել իրենց դիրքորոշումը:
 

«Եթե մենք ներկայումս աշխատում ենք առավոտյան ժամը 10-ից մինչև 20:00-ն, ապա պետք է սկսենք աշխատել մինչև 21:00-ն: Արդեն բավական երկար ենք աշխատում օրվա ընթացում: Դրան ավելացնում են ևս մեկ ժամ ու զրկում ամսական հանգստյան 1 օրից: Բայց մենք իրավունք ունենք շաբաթական առնվազն մեկ անգամ չաշխատել: Իմ գործատուն ինձ տալիս է հանգստյան օր, բայց ես դա ուզում եմ օրենքով ստանալ և ոչ թե խնդրել»,-ասել է նա և ավելացրել, որ աշխատողների մեծ մասը կանայք են, ովքեր փորձում են օգնել իրենց ընտանիքներին, սակայն նման աշխատքային ռեժիմի պարագայում առողջական խնդիրներ են ձեռք բերում:
 

Ըստ նրա, աշխատանքային ժամերը երկարաձգելու պատճառն այն է, որ առևտուր չկա և շատերը պարզապես տանուլ են տալիս:
 

«Իրենց խելքով, փորձում են գործատուի աչքը որորշ չափով շոյել: Սա իմ անձնական կարծիքն է»,-ասել է նա:
 

Վաճառողներից մեկ ուրիշը հիշեցրել է, որ Երևանում գործող բոլոր նմանատիպ առևտրի կենտրոնները ժամը 20:00-ից հետո չեն աշխատում, ինչպես նաև ունեն շաբաթական 1 հանգստյան օր:
 

«Եթե ուզում են համեմատվել նորաբաց Դամլայի հետ, որը աշխատում է մինչև 22:00-ն, ապա պետք է հիշեցնել, որ նա բոլորովին այլ տիպի կենտրոն է՝ այլ պայմաններով ու ներքին օրենսդրությամբ»,-ասել է նա:
 

 

Վաճառողն ընդգծել է, որ իրենց ավել աշխատեցնելու փոխարեն, լավ կլինի որ «Տաշիր» առևտրի կենտրոնի տնօրինությունը զբաղվի շենքի ջերմությունն ու զովությունը ապահովելով:
 

Tert.am-ի հետ զրույցում աշխատողները հավաստիացրել են, որ իրենք չեն պատրաստվում ևս մեկ ժամ ավել աշխատել: