ՀՀԿ–ն տապալեց ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը

12:49 • 21.11.12

Ազգային ժողովի 4 խմբակցությունների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը, որի ժամանակ նախատեսվում էր քննարկել Ընտրական օրենսգրքում «Հայ ազգային կոնգրեսի» առաջարկած փոփոխությունների փաթեթը, չկայացավ` քվորում չապահովելու պատճառով:

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորները ինչպես հայտարարել էին նախապես, չներկայացան նիստին և ժամը 12։00-ին համապատասխան թվով՝ պատգամավորներ չգրանցվեցին:
Նիստին ՀՀԿ-ից ներկա էին միայն ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը: Ներկա չէին նաև ՕԵԿ պատգամավորները։


Նշենք, որ Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել էր, որ եթե արտահերթ նիստին Հայաստանի Հանրապետական կուսակցության չներկայանալու խնդիրը Ընտրական օրենսգրքին է վերաբերում, ապա ՀԱԿ-ը պատրաստ է ՀՀԿ-ի հետ գնալ կոմպրոմիսի։

Հիշեցնենք, որ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 ձայն: Իսկ ԱԺ 131 պատգամավորից գրանցվել էին ընդամենը 44-ը:


ԲՀԿ-ից ներկա չէր միայն ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեջբերելով ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան հոդվածը, նշեց, որ Ազգային ժողովը աշխատանքները կշարունակի, երբ քվորում լինի, սակայն գրանցման գործընթացը չի կարող 3 ժամից ավել տևել: