Բաքվում այդպես էլ չհասկացան, որ ժամանակակից պետությունը հիմնված է ժողովրդի հանդեպ սիրո վրա. Շավարշ Քոչարյան
Հայաստանի փոխարտգործնախարարը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հակահայկական հայտարարությունը, որում ասվում էր, թե «Հայաստանն արտասահմանից ղեկավարվող տարածք է, որը ստեղծվել է արհեստականորեն՝ պատմական ադրբեջանական հողերի վրա» և որ «հայկական լոբբին մեր գլխավոր թշնամին է»։
«Նման ռասսիստական գաղափարախոսությամբ, պատմության նման այլասերմամբ և հարևանների դեմ ծիծաղելի տարածքային պահանջներ ներկայացնելով՝ Ադրբեջանը կարող էր իր գոյությունը պահպանելու շանս ունենալ վաղ միջնադարում։ Սակայն Ադրբեջանն առաջին անգամ աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվել է 1918թ.-ին»,-համաձայն ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության՝ ասել է Շավարշ Քոչարյանը։
Փոխարտգործնախարարի խոսքով՝ Բաքվում այդպես էլ չհասկացան, որ ժամանակակից պետությունը հիմնված է ժողովրդի հանդեպ սիրո, այլ ոչ թե տարածաշրջանի ժողովուրդների հանդեպ պաթոլոգիական ատելության և նրանց պատմամշակութային ժառանգության վրա։










