ՀԱԿ ակտիվիստները ՀՀԿ-ից պահանջում են քվորում ապահովել (լուսանկարներ, տեսանյութ)

16:05 • 21.11.12

Ազգային ժողովի շենքի առջև ՀԱԿ ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք ԱԺ «Հանրապետական» խմբակցությունից պահանջում են քվորում ապահովել ԱԺ 4 խմբակցությունների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստին:


Հիշեցնենք, որ արտահերթ նիստին նախատեսվում էր քննարկել Ընտրական օրենսգրքում «Հայ ազգային կոնգրեսի» առաջարկած փոփոխությունների փաթեթը: Նշենք, որ արտահերթ նիստը չկայացավ քվորում չապահովելու պատճառով:


Ակցիայի մասնակիցների հետ խոսելու եկավ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, ով հավաքվածներին տեղեկացրեց, որ ՀՀԿ-ն, իր իսկ խոսքերով՝ իր մյուս կուսակցության հետ, չի ներկայացել նիստին, ինչը ցույց է տալիս, որ նրանք ոչ մի դեպքում արդար ընտրությունների կողմնակից չեն:


Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրեսն» ու Հայ Յեղափոխական Դաշնակցությունը նիստ են հրավիրել՝ իրենց հետագա քայլերը որոշելու համար: Ըստ Արամ Մանուկյանի՝ մի քանի առաջարկ կա: Մի դեպքում քննարկվում է, թե արդյոք ՀՀԿ-ի նիստին չներկայանալու հանգամանքը կարո՞ղ է համարվել հակասահմանադրական: Եթե այո, ապա նրանք կդիմեն դատարան:


Արամ Մանուկյանը նշեց, որ ՀՅԴ-ն առաջարկում է դիմել Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովին: Նա նշեց, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը միասին կորոշեն հետագա անելիքները: