Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքի անդամների դրական պատասխանի դեպքում` երգչուհուն կհուղարկավորեն Հայաստանում

18:45 • 21.11.12

Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի դին Հայաստան տեղափոխելու համար պետությունը սպասում է ընտանիքի անդամների որոշմանը: Այդ մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Ալլա Սերոբյանը:


«ԱՄՆ-ում Հայաստանի հյուպատոսի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման աշխատանքներ են տարվում: Ընտանիքի անդամների կողմից դրական պատասխան ստանալուց հետո միայն ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները Հայաստանում կազմակերպելու համար»,- ասաց Ալլա Սերոբյանը և հավելեց.


«Այս պահին որևէ պաշտոնական որոշում դեռ չկա: Պետությունը սպասում է, որպեսզի հավուր-պատշաճի կազմակերպի այդ գործընթացը»,- նշեց Ալլա Սերոբյանը: