Հունաստանում ձերբակալվել է 9 մլն հույների տվյալները վաճառած ծրագրավորողը
Հունաստանի ոստիկանության էլեկտրոնային հանցագործությունների գծով հատուկ ստորաբաժանումը ձերբակալել է մի ծրագրավորողի, ով 9 մլն հույների անձնական տվյալներ է վաճառել, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ Սա դարձել է իրական քրեական ռեկորդ մի երկրի համար, որի բնակչությունը 11 մլն է։
35-ամյա հանցագործի տան խուզարկության ժամանակ ոստիկանները հայտնաբերել են երեք կոշտ սկավառակ, որոնց վրա պահվել են հույների՝ վաճառքի համար նախատեսված անձնական տվյալները՝ բնակության հասցեները, հեռախոսահամարները, հարկատուների անձնական համարները և այլն։
Այժմ հետաքննությունը փորձում է պարզել, թե ինչպես և որտեղից է հաքերին հաջողվել գողանալ այդ տվյալները, որոնք գտնվել են Հունաստանի ֆինանսների նախարարության բազայում։ Այդ պատճառով կոնկրետ մեղադրանքներ հանցագործին դեռ չեն ներկայացվել։










