Հեռուստատեսությունը դարձել է ոչ մի բան. ռեժիսոր Հրանտ Մովսիսյան
Հեռուստատեսությունը դարձել ոչ մի բան, փոքր հանրապետությունում այսքան հեռուստաալիքներ չեն կարող գոյություն ունենալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը` վերլուծելով հեռուստատեսության արդի որակը:
«Կառավարությունը հեռուստատեսությունների նկատմամբ շատ ուշադիր պետք է լինի, վերանայի հաղորդումները, հասկանանք ժողովուրդն ի՞նչ է ուզում: Հանձնաժողովը պետք է միայն լիցենզիաներ չտա, այլ հասկանա այն, թե ինչ է առաջարկում, և այնտեղ աշխատողներն ունե՞ն իրավունք հեռուստատեսությունում աշխատելու»,- ասաց Հրանտ Մովսիսյանը:
Հեռուստատեսության օրվան նվիրված մամուլի ասուլիսին ներկա հեռուստահաղորդավար Կարեն Քոչարյանն ասում է, որ հեռուստատեսությունը առաջին հերթին պետք է բարություն փոխանցի:
«Մեզ մոտ այսօր այդ նպատակով ստեղծված հաղորդումներ կան, բայց բոլորը միայն բացասականն են փոխանցում: Առաջին հերթին պետք է մտածել հեռուստատեսության աշխատողների կրթության մասին: Այսօր, ցավոք, չունենք հեռուստատեսային էլիտա: Թող սերիալների փոխարեն նկարեն հեռուստաթատրոններ»,- ասաց Կարեն Քոչարյանը:
Հեռուստատեսային հաղորդումների որակը բարելավելու համար Հրանտ Մովսիսյանը առաջարկում է իրական մասնագետներ բերել եթեր. «Համապատասխան ֆակուլտետներ ավարտողներին պետք է ուղարկել հեռուստակայաններ, որպեսզի ուժեղացնեն նրանց աշխատանքը, չի կարելի ցանկացած խոսք թողնել եթեր: Ամենակարևոր ֆիլտրն է, որպեսզի մենք հասկանանք՝ ինչ ենք ցույց տալիս և ով է նայում: Հեռուստատեսությունը անուն է սիրում, անհատականություն, ովքեր այսօր չկան»:
Լուսանկարը՝ Հրանտ Մովսիսյանի Facebook-ի էջի










