Իրանը ռազմական օգնություն է ուղարկել Գազայի հատված

17:15 • 21.11.12

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Իրանն Իսրայելի հարձակմանը ենթարկված Գազայի հատված ռազմական օգնություն է ուղարկել։

 

Իրանի խորհրդարանի պաշտոնական կայքէջ ICANA.ir-ին հղումով՝ թուրքական «Հուրրիյեթ»-ը գրում է, որ Լարիջանին հայտարարել է՝ իրենք պատրաստ են լինել ՀԱՄԱՍ-ի և պաղեստինցի ժողովրդի կողքին։
 

Թեև Լարիջանին մանրամասներ չի հաղորդել, սակայն տեղեկացրել է, որ Գազա ուղարկվել է թե՛ ֆինանսական, թե՛ ռազմական օգնություն։
 

Լարիջանին պաշտոնական բանակցություններ վարելու նպատակով ուրբաթ այցելելու է Անկարա։  Դրա շրջանակներում թուրք պաշտոնյաների հետ քննարկվելու են Սիրիայի և Գազայի խնդիրներին առնչվող հարցեր։
 

Մեկօրյա այցի ընթացքում Լարիջանին թուրք պաշտոնյաներից նաև օգնություն է խնդրելու ամիսներ առաջ Սիրիայում առևանգված 48 իրանցիների ազատ արձակման համար։