ՃՈ տեսուչների «հերոսությունների» մասին տեսանյութի հետ կապված ծառայողական քննություն կանցկացվի (տեսանյութ)

14:57 • 21.11.12

Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանի հրամանով ծառայողական քննություն է իրականացվում Ճանապարհային ոստիկանության տեսուչների մասնակցությամբ տեսանյութի կապակցությամբ, որը համացանցում է հայտնվել երեկ։


Այս մասին Tert.am–ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 

Տեսանյութում, մասնավորապես, ոստիկանական մեքենան հետևում է տեսանյութի հեղինակ վարորդին, վազանց անում նրա մեքենան՝ հատելով հոծ գիծը և դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի՝ պահանջում կանգնեցնել մեքենան:


Վարորդի հարցին, թե ինչու է խախտում անում, ճանապարհային ոստիկանն ասում է. «լավ եմ անում, արա, այ տղա»:


Տեսանյութում հնչում է նաև հայհոյանք։ Իսկ երբ մյուս ոստիկանը նկատում է, որ իրենց նկարահանել են, ապա նրանք երկուսով գլխիկոր հեռանում են՝ կրկին խախտում անելով, մասնավորապես, առանց մեքենայի ձախ թարթիչը միացնելու՝ երթևեկության շարքը փոխելով դեպի ձախ։

 

Հիշեցնենք, որ ՃՈ տեսուչների հետ հանդիպումներից մեկի ժամանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ճանապարհային ոստիկաններին հորդորեց հարգել սեփական ծնողներին՝ ասելով, որ նրանց հետևից հայհոյում են: