Հայ գործատուները հանդիպեցին Հայաստանում գտնվող սիրիահայ գործազուրկներին

15:15 • 21.11.12

Հայաստանյան մի շարք գործատուներ այսօր Սփյուռքի նախարարությունում հանդիպեցին աշխատանքի կարիք ունեցող սիրիահայերի հետ, որպեսզի աջակցեն նրանց աշխատանք գտնելու հարցում: Գործատուներից շատերը հանդես եկան ելույթով և սիրիահայերին թափուր աշխատատեղեր առաջարկեցին:

 

Սիրիահայերի աշխատանքի տեղավորման խնդիրների վերաբերյալ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ նրանք պետության հետ հարաբերություններում արտոնյալ վիճակում են: Սակայն խնդիրներ կան Հայաստանում առաջարկվող աշխատանքների վճարի, և այստեղ ինքնուրույն գործ սկսելու հետ կապված:

 

«Այստեղ աշխատանքները բարձր վճարովի չեն, և նրանք ավելի ինքնուրույն գործի են սովոր, և որպեսզի ինքնուրույն գործ կարողանան սկսել, պետք է ծանոթանան մեր օրենքներին»,- ասաց նա:


Հրանուշ Հակոբյանը ներկա բոլոր պաշտոնատար անձանց և գործատուներին հորդորեց հնարավորին չափ օգնել մեր հայրենակիցներին, և վստահեցրեց, որ եթե մեկ ընկերություն աշխատանքի տեղավորի գոնե մեկ սիրիահայի, արդեն իսկ մեծ աշխատանք կատարած կլինի:


Փոքր և միջին բիզնեսի հետ կապված «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի» գործադիր տնօրեն Վարազդատ Կարապետյանն էլ հանդես եկավ առաջարկներով։
«Սկսնակ գործարարության աջակցման ծրագիր ենք նախաձեռնել, ինչը ենթադրում է դասընթացներ, որին մասնակցելուց հետո կկազմեք բիզնես պլան, և դրանք հավանության արժանանալու դեպքում կֆինանսավորվեն: Մյուս ծրագիրը տեղեկատվության աջակցության ծրագիրն է»,– ասաց նա:

 

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը և պաշտոնատար այլ անձիք։