Տարոն Մարգարյանը հանդիպել է Չեխիայի փոխարտգործնախարարին

17:20 • 21.11.12

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տոմաշ Դուբի հանդիպման ժամանակ վերջինս հետ քննարկել է քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում փորձի փոխանակման և ներդրումային դաշտի զարգացմանն առնչվող հարցեր, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: 


Ողջունելով հայ–չեխական գործարար համաժողովի անցկացումը Երևանում, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ սա ևս մեկ անգամ փաստում է հայ-չեխական հարաբերությունների բարձր մակարդակը և հաստատում, որ փոխգործակցություն ծավալելու մեծ ներուժ կա նաև երկու երկրների քաղաքների միջև:


Անդրադառնալով տեղական ինքնակառավարման ոլորտում համագործակցությանը, Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանը հետաքրքրված է գործընկերային կապեր հաստատել չեխական քաղաքների հետ։


«Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է փոխշահավետ համագործակցություն ծավալելու հարցում: Կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ մենք կարող ենք համագործակցել քաղաքային տնտեսության կառավարման բոլոր ուղղություններով և համոզված եմ, որ այդ համագործակցությունը արդյունավետ կլինի երկու կողմերի համար: Այս հարցում մենք ակնկալում ենք նաև Ձեր աջակցությունը»,- նշել է Տարոն Մարգարյանը, ավելացնելով, որ Հայաստանի և Չեխիայի առևտրի պալատների միջև արդեն իսկ գործնական կապեր են հաստատվել:


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը ևս իր հերթին կարևորել է փոխշահավետ համագործակցությունը։


«Մենք արդեն միջկառավարական կապեր ունենք հաստատած մի շարք ուղղություններով և ես վստահ եմ, որ հարաբերությունները կենսունակ կդառնան նաև Երևանի և չեխական քաղաքների միջև»,– ասել է նա:


«Մենք հարուստ փորձ ունենք հանրային տրանսպորտի, ջրային կառույցների կառավարման և մի շարք այլ ոլորտներում և կարծում եմ, որ այս ուղղությունները ևս կարող են համագործակցության մաս կազմել փորձի փոխանակման առումով»,- ավելացրել է Տոմաշ Դուբը:


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: