Թել Ավիվում ավտոբուս է պայթեցվել (թարմացում, տեսանյութ)

14:30 • 21.11.12

Թել Ավիվի կենտրոնական փողոցներից մեկում ավտոբուս է պայթեցվել։ Նախնական տեղեկություններով՝ 10 մարդ է վիրավորվել, որոնցից 3-ի վիճակը ծանր է. տեղեկացնում է RBK-ն։

 

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով իսրայելյան հեռուստաընկերությանը, դեպքի վայր են շտապում շտապօգնության մեքենաներն ու ոստիկանական ստորաբաժանումները։

 

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտարարել են, որ պայթյունը, ամենայն հավանականությամբ, ահաբեկչության հետևանք է։



15.44  Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ստանձնել է պայթյունի պատասխանատվությունը։
Գազայի հատվածում աշխատող օտարերկրյա թղթակիցների հաղորդմամբ, այդ մասին խմբավորումը հայտարարել է տեղի լրատվամիջոցների ու մզկիթների մինարեթներին տեղադրված բարձրախոսների միջոցով։


Իսրայելի ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսում անհայտ անձինք մեկ կամ երկու տուփ են թողել, որում էլ պայթուցիկ է եղել։

Պայթյունի հետևանքով տուժել է 15 մարդ, որոնցից 3-ի վիճակը ծանր է։ Զոհեր չկան։
 

The Jerusalem Post-ը տեղեկացրել է, որ մեկ կասկածյալ արդեն ձերբակալվել է։Այժմ իրավապահները փնտրում են մի կնոջ, որի մոտ կարող է ևս մեկ պայթուցիկ սարք լինել։