Հայաստանում տարվա սկզբից մինչ այսօր ապօրինի հատվել է 1016 ծառ. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն
Ապօրինի ծառահատումների մասով նվազման դինամիկան հստակ պատկերացնելու համար համեմատենք 1995թ.-ի տվյալների հետ: Այսպիսով, եթե 95-ին այն կազմել է 450 000, ապա 2011-ին կազմում է 500: Այս տարվա սկզբից մինչ այսօր Հայաստանում հատվել է 1016 ծառ, ինչի արդյունքում կազմվել է 135 ակտ, իսկ հատողները մեծ մասամբ գյուղացիներ են: Այս մասին այսօր հայտնեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը` կանխատեսելով, որ գազի գնի թանկացումը կարող է բերել վառելափայտի պահանջարկի մեծացման:
«Իսկ եթե այդ պահանջարկը չկարողանանք ամբողջությամբ բավարարել, կավելանան նաև ապօրինի ծառահատումները»,- ասաց նա:
Նրա տեղեկացմամբ` անտառային ոլորտը կանոնակարգելու համար իրավական դաշտի լուրջ ուսումնասիրություններ են իրականացվել, ինչի արդյունքում առաջիկայում Կառավարությանը կներկայացվի անտառային ոլորտի բարեփոխումների ծրագիր:
«Ինստիտուցիոնալ բարեփոխումներ պետք է իրականացվեն անտառային ոլորտում, և շուտով օրենքը կդրվի շրջանառության մեջ»,- ասաց նա:
Ըստ Մաթևոսյանի` նախատեսվում են անտառամերձ համայնքների սոցիալական խնդիրների լուծման, էկոտուրիզմի զարգացման և ոլորտի այլ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր իրականացնել:
«Պայմանագրեր ենք կնքել GIZ-ի հետ, ծրագրեր ենք իրականացրել WWF-ի աջակցությամբ, և պետք է ասեմ, որ մինչ այժմ մեր կատարած աշխատանքը շատ բարձր գնահատեցին վերջերս Հայաստան ժամանած գերմանացի մասնագետները»,- նշեց Մարտուն Մաթևոսյանը:
«Հայանտառի» տնօրենի պնդմամբ` ապօրինի հատումների դեմ պայքարը պետք է սկսել իրացվող հատվածից, սակայն «Հայանտառը» իրավասու չէ մայրուղիներում իրականացնել հսկողություն: Միևնույն ժամանակ նա հույս հայտնեց, որ եթե ստուգումները շարունակվեն այնպես, ինչպես վերջին շրջանում են իրականացվել, ապա մեծ չափով կնվազեն ապօրինի հատումները:










