Հրդեհի բռնկումով ավտովթար Վայոց Ձորում. կա 1 զոհ, 4 վիրավոր
Այսօր գիշեր, ժամը 03.19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` հրդեհի բռնկումով:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ» մակնիշի 19 LO 627 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Մհեր Հովհաննիսյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը, ինչի հետևանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` 21-ամյա Արման Ազարյանը, 26-ամյա էդգար Մանուկյանը, 25-ամյա Մհեր Հովհաննիսյանը և 24-ամյա Գոռ Մանուկյանը տեղափոխվել են Վայք քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև` «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.46-ին, մարվել` 03.53-ին: Ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գևորգ Թովմասյանի դին:
Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:










