Բրիտանացի զինվորականների ծառայողական տվյալները հայտնվել են արքայազն Ուիլյամի լուսանկարում
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ստիպված է եղել փոխել որոշ զինծառայողների գաղտնաբառերն ու լոգինները, այն բանից հետո, երբ արքայազն Ուիլյամի կայքում հրապարակվել են լուսանկարներ ռազմաբազայից, որտեղ նա ծառայում է, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Daily Express-ին։
Արքայազնի ծառայողական առօրյան ներկայացնող լուսանկարները նրա կայքում հրապարակվել են նախօրեին։ Ինչպես նշվում է հաղորդագրությունում, տասը լուսանկարներից մեկի հետին ֆոնին երևում է համակարգիչ, որի վրա հնարավոր է տեսնել ծառայողական տեղեկությունը։
ՊՆ ներկայացուցիչների միջամտությունից հետո որոշ նկարներ մշակվել են, իսկ գաղտնաբառերն ու լոգինները, որոնք կարող էին ընկնել հանցագործների ձեռքը, փոխվել։
«Բոլոր նկարները ստուգվել են և կրկին հրապարակվել։ Մենք խնդրում ենք ԶԼՄ-ներին օգտագործել այս նկարները»,- մեջբերում է թերթը ՊՆ ներկայացուցչի խոսքերը։










