Բաղրամյանի նախկին գյուղապետը մեղադրվում է 4.2 մլն դրամ յուրացնելու մեջ

15:51 • 22.11.12

Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` բաց բաժնետիրական ընկերության տնօրենի և Բաղրամյան համայնքի նախկին ղեկավարի կողմից պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու դեպքի առթիվ, տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը: 


ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեռեւս 2006թ. մայիսին ԲԲ ընկերության տնօրենը և համայնքի նախկին ղեկավարը գյուղապետարանի հաշվեկշռում գտնվող մանկապարտեզի մասնաշենքերից մեկը որպես ամբուլատորիա վերանորոգելու պատրվակով 4.2 մլն. դրամ արժողությամբ կապիտալ վերանորոգման պայմանագիր են կնքել:


Համայնքի նախկին ղեկավարը գյուղապետարանի բյուջեից դուրս է գրել նշված գումարը և փոխանցել հիշյալ ընկերության հաշվեհամարին:


Նախապատրաստված նյութերի համաձայն` որևէ աշխատանք չկատարելով, պաշտոնեական կեղծիքի եղանակով ընկերության տնօրենը և համայնքի նախկին ղեկավարը կազմել են աշխատանքների ընդունման-հանձնման արձանագրություն, իսկ կանխիկացված առանձնապես խոշոր չափերի 4.2 մլն. դրամը` յուրացրել:


Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնին: