Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը մեծ աղմուկ է բարձրացնելու. թուրքագետ
Թուրքագետ Արտակ Շաքարյանի կարծիքով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը՝ ձևավորված պետական հանձնաժողովի ջանքերով, մեծ աղմուկ է բարձրացնելու։ Ըստ նրա, ցավոք, հանրությունը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում, ինչպես են պատրաստվում այդ տարելիցին, միաժամանակ հավելեց, որ մի կողմից էլ ճիշտ է, քանի որ թուրքական կողմի համար այն կարող է անակնկալ դառնալ: Մյուս կողմից, ըստ նրա, հոռետեսները կանխատեսում են, որ 6-7 գրքի հրատարակումից ավել բան չի լինելու:
Արտակ Շաքարյանի խոսքով՝ Թուրքիան էլ ձեռքերը ծալած չի նստում և ինչ-որ տեղ ավելի հանգամանալից է պատրաստվում 2015-ին: «Նրանք հայտարարել են, որ աշխատելու են հայկական սփյուռքի հետ, քանի որ, ըստ նրանց, այդ սփյուռքը օսմանյան հպատակներն են: Իսկ մենք գիտենք, որ նույն հայկական սփյուռքն ասում է, որ իր հայրենիքը ոչ թե Հայաստանն է, այլ օրինակ՝ Մալաթիան է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա և ավելացրեց, որ Անկարան հայկական սփյուռքի թեկուզ աննկատ մի խմբի հետ աշխատելով, կարող է հայտարարել, թե հայ-թուրքական հարաբերություններում կա գործընթաց:
«Նման դեպքում պաշտոնական Երևանը չի կարող հերքել, բայց պետք է մենք անենք, որ կանխվի և Թուրքիան չչարաշահի հայկական անկազմակերպ սփյուռքին»,- ասաց նա:
Մյուս կողմից էլ, ըստ նրա, հնարավոր է հայկական թույլ քաղաքականության պատճառով գերտերությունները ստիպեն Հայաստանին, որևէ հայտարարությամբ հանդես գալ: «Այս առումով պետք է լինել ավելի ակտիվ և թե՛ հայաստանյան հայությունը, թե՛ սփյուռքի հայությունը ոչ թե հույսները դնեն պաշտոնական կազմակերպությունների վրա, այլ սեփական ռազմավարություն ունենան»,- ասաց նա:
Թուրքագետը նկատեց, որ Հայաստանի նման քաղաքականությունը լավ հեռանկար չի կարող ապահովել: «Այս քաղաքականությունը կոչվում է անորոշ կառուցողականություն, երբ բոլոր դռները բաց են թողնվում, որ պատեհ առիթի դեպքում օգտվեն: Նման քաղաքականությունն այս պահին մեզ ձեռնտու չէ, գոնե ունենանք որոշակիության սցենար»,- ասաց նա:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների վիճակի մասին, Ա. Շաքարյանն այն այսօր ավելի վատ գնահատեց, քան արձանագրություններից առաջ: «Դեսպանատներում այսօր երկու պետության ներկայացուցիչները հանդիպելիս չեն կարող մոտենալ և իրար հետ խոսել, քանի որ կմտածեն, թե տեղի են ունենում գաղտնի բանակցություններ»,- ասաց նա:










