Հայտնի է դարձել BBC-ի նոր գլխավոր տնօրենն ու նրա աշխատավարձը
Royal Opera House-ի գլխավոր գործադիր տնօրեն և BBC-ի լրատվականի նախկին տնօրեն Թոնի Հոլը նշանակվել է հեռուստառադիոկորպորացիայի նոր գլխավոր տնօրեն, հայտնում է BBC-ն:
BBC-ի վարչության նախագահ լորդ Փաթենն այս նշանակման առիթով ասել է, որ լորդ Հոլը «ճիշտ մարդ է՝ BBC-ն ներկայիս ճգնաժամից դուրս բերելու համար»:
Օրերս այդ պաշտոնից հրաժարական էր տվել Ջորջ Էնթուիսթլը՝ այդ պաշտոնում աշխատելով ընդամենը 54 օր:
61-ամյա Հոլը պաշտոնը կստանձնի մարտի սկզբին, նրա տարեկան աշխատավարձը կկազմի 450 000 ֆունտ: Ինքը՝ «BBC-ի ներսի մարդ» Հոլը, BBC-ի մասին ասել է, թե «այդ կազմակերպությունն անասելի կարևոր մասն է այն բանի, ինչը Միացյալ Թագավորությունը դարձնում է Միացյալ Թագավորություն»:
Նոյեմբերից BBC-ն խոշորագույն սեքս-սկանդալի կիզակետում է իր հանգուցյալ հեռուստաաստղ Ջիմի Սևիլի մանկապիղծ արարքների համար:










