Չեչնիայում առաջին դասարանցին փրկել է իր երկու շաբաթական եղբորը հրդեհից
Չեչնիայում 7-ամյա Խամզատ Յակուբովը ներկայացվել է «Հրդեհի ժամանակ խիզախության համար» շքանշան ստանալու համար, հայտնում է Вести-ն։
Առաջին դասարանցին փրկել է իր նորածին եղբորն այրվող տանից։
Յակուբովների ընտանիքն այդ տուն վերջերս էր տեղափոխվել։ Հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 4-ին, երբ բոլորը քնած են եղել։ Տղան արթնացել է և ծխի հոտ զգացել։
«Ես սկզբում չէի հասկանում, թե ինչ է կատարվում, բայց հետո, երբ տեսա կրակը, վազեցի եղբորս անկողնու մոտ։ Նրան գրկելով՝ ես դուրս թռա պատուհանից։ Հրդեհի ժամանակ մեզ փորձում էին գտնել, սակայն ես արդեն վազում էի հորեղբորս մոտ»,- պատմում է Խամզատը։
Երկու շաբաթական եղբոր հետ Խամզատը վազել է մի քանի հարյուր մետր՝ մինչև մոտակա բարեկամների տուն, և հայտնել դեպքի մասին։ Հրշեջներն արագ մարել են կրակը, սակայն տանը գտնվողներն այրվածքներ են ստացել։ Խամզատի մայրը, տատիկը, երկու քույրերն ու եղբայրն ԱԻՆ-ի հատուկ չվերթով ուղարկվել են Մոսկվա՝ բուժման համար։ Այժմ նրանք ծանր վիճակում են։
Առաջին դասարանցի Յակուբովն իր թաղամասի հպարտությունն է։
Արտակարգ իրավիճակների նախարարությունում փոքրիկ հերոսին պատվոգիր են շնորհել և հեծանիվ նվիրել։










