Հայաստանը` 2013-ի թեժ ճամփորդական երկիր. Global Post

20:17 • 22.11.12

Global Post ամերիկյան լրատվական ընկերությունն արդեն հինգ տարի ներկայացնում է այն, ինչ «որսացել է ճանապարհորդությունների ոլորտում»՝ իր ուշադրությունը բևեռելով «այն ուղղությունների վրա, որոնք հաջորդ տարի պետք է առնվազն թեժ լինեն»:

 

Աղբյուրը նշում է, որ այդ ամենը հիմնված է «ասեկոսեների, խենթ կարծիքների ու մի քիչ էլ ճանապարհորդների փորձի վրա»:

 

Ըստ այդմ՝ 2013-ի 10 ամենաթեժ ճամփորդական ուղղություններ կարող են լինելու Պորտուգալիան, Մոզամբիկը, Ղրղզստանը, Պանաման, Հայաստանը, Ռուանդան, Կուբան, Ուկրաինան, Մալավին և Կանադան:

 

Հայաստանի մասին GP-ն գրում է. «Չնայած իր բավականին զարգացած զբոսաշրջային ենթակառուցվածքին, Հայաստանը մինչ օրս վրիպում է ճամփորդների մեծ մասի ուշադրությունից: Ասելով, թե առաջինն է ընդունել քրիստոնեությունը՝ այդ երկիրը այդ բանի շատ ապացույցներ է ներկայացնում»:

 

Աղբյուրը գրում է նաև, որ «առավել հետաքրքրասերները» եկեղեցիներից ու վանքերից զատ «իսկապես ապշելու երկիր կհայտնաբերեն»՝ «գեղեցիկ լանդշաֆտով», նաև «եզակի լավ մարդկանց կհանդիպեն, որոնք միշտ պատրաստ են նրանց ողջունել իրենց խորովածի խնջույքի սեղանի շուրջ, «արաղ» առաջարկել կամ էլ՝ երկուսը միասին»:

 

Ապա GP-ն ընդգծում է, որ այս հունվարից ԵՄ քաղաքացիների համար վիզա չի պահանջվելու, ինչը «ևս մեկ պատճառ է այս երկիրը չշրջանցելու համար»: