Հովիկ Աբրահամյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին
Նոյեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների մասնակցությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, որին հայկական կողմից մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Ըստ ԱԺ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ ՀԱՊԿ անդամ-պետությունների հավաքական անվտանգության ապահովման խնդիրների լուծման գործում ՀԱՊԿ ԽՎ-ի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի փոխգործակցության մասին թեմայով զեկույցով հանդես է եկել ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:
Օրակարգային հաջորդ` ՀԱՊԿ ընթացիկ գործունեության մասին և 2012թ. ՀԱՊԿ դեկտեմբերյան նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների, Աֆղանստանից կոալիցիոն ուժերի դուրսբերման հետևանքների, ինչպես նաև իրավիճակի հնարավոր սրման դեպքում անվտանգության համակարգի ամրապնդման օրենսդրական և կազմակերպչական միջոցների մասին զեկույցներով հանդես է եկավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Մտքերի փոխանակությանը մասնակցել են և քննարկվող հարցերի շուրջ իրենց տեսակետները են ներկայացրել մասնակից անդամ-պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարները:
ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ղազախստանի Սենատի նախագահ Կայրաթ Մամիի հետ: Վերջինս շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին վերընտրության առիթով` նշելով, որ միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը մեծապես կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, այս համատեքստում շեշտելով, որ Հայաստանը Ղազախստանի համար կարևոր գործընկեր է:
Կայրաթ Մամին նաև նշել է, որ երկու երկրների բարեկամական հարաբերությունների խորացման գործում կարևոր դեր ունի նաև Ղազախստանում ապրող հայ համայնքը՝ մոտ 30 հազար։
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարևորել է հարաբերությունների զարգացման նոր հնարավորությունների օգտագործմամբ` գործուն կապերի մեխանիզմների ձևավորումը և միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը:
ԱԺ նախագահը նաև նշել է, որ երկու երկրների միջև ստորագրված մոտ 30 համաձայնագրերը լավ հիմք են հանդիսանում զարգացնելու փոխգործակցությունը տարբեր ուղղություններով:
Երկուստեք կարևորվել է համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում, փոխգործակցությունը խորհրդարանների հանձնաժողովների և բարեկամության խմբերի մակարդակով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ղազախստանի Սենատի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:










