Սիրիացի ընդդիմադիրներն Իրաքի հետ սահմանին ռազմաբազա են գրավել
Սիրիացի ընդդիմադիրները հայտարարել են, թե կարողացել են Իրաքի հետ սահմանին ռազմավարական կարևորություն ունեցող շրջան գրավել։
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ընդդիմադիր ուժերի մի հրամանատար հայտարարել է, թե 21 օր տևած մարտերից հետո իրենք կարողացել են գրավել Մայադին քաղաքի մոտակայքում հրետանային ռազմաբազան։
Սիրիական կառավարությունը դեռևս այդ տեղեկությունը չի հաստատել։
BBC-ի թղթակցի խոսքով՝ եթե ռազմաբազան իրոք հայտնվել է ընդդիմադիրների ձեռքում, ապա նրանք կկարողանան Սիրիայի և Իրաքի սահմանի բավական մեծ հատված իրենց վերահսկողության տակ առնել։
Հիշեցնենք, որ օրերս սիրիացի ընդդիմադիրները հայտարարել էին, թե կարողացել են Իրաքի հետ սահմանին ռազմական օդանավակայան գրավել։
Օդանավակայանը կարևոր դիրք էր զբաղեցնում ավելի վաղ ընդդիմադիրների կողմից գրավված Աբու Քեմալ բնակավայրի համար, քանի որ երկրի կառավարական ուժերն այն օգտագործում էին ընդդիմադիրներին ռմբակոծելու համար։










