«Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն քննարկում են անցկացրել՝ ՀՅԴ–ի առաջարկով

18:47 • 22.11.12

«Ժառանգության» կենտրոնական գրասենյակում Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության առաջարկով այսօր հանդիպել են ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները, որի ժամանակ ՀՅԴ–ականները ներկայացրել են իրենց 7 կետանոց օրակարգը:


Tert.am-ի հետ զրույցում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ «Ժառանգությունից» իր և Հովսեփ Խուրշուդյանի հետ հանդիպել են Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, քարտուղար Աղվան Վարդանյանը և Արսեն Համբարձումյանը:


«ՀՅԴ խնդրանքով մեր գրասենյակում հանդիպեցինք և ՀՅԴ-ն մեզ ներկայացրեց իրենց 7 կետից բաղկացած օրակարգը: Մենք ուշադիր լսեցինք իրենց օրակարգը, ապա ներկայացրեցինք նաև մեր մոտեցումները և մեր առաջ քաշած խնդիրները»,- ասաց նա:


Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ անդրադարձ է եղել նաև նախագահական ընտրություններին:


«Բնականաբար, խոսք գնաց նաև գալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ, բայց առանձին թեկնածուների հարց չի քննարկվել»,- ասաց նա և նշեց, որ հանդիպման արդյունքները կներկայացնեն վարչությանը, և վարչությունը կորոշի հետագա անելիքները:


Միաժամանակ կուսակցության փոխնախագահը նկատեց, որ Դաշնակցության և «Ժառանգության» բարձրացրած հարցերի շուրջ տեսակետների համընկնումները շատ էին:


«ԲՀԿ-ի հետ էլ կետեր կային, որ համընկան մեր տեսակետները, բայց Դաշնակցության հետ դրանք ավելի շատ էին»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում անցյալ շաբաթ «Ժառանգությունը» հանդիպել էր նաև ԲՀԿ-ի հետ: