Չեխիայի նախագահի և մի շարք պաշտոնյաների հեռախոսահամարները տեղադրվել են համացանցում

16:19 • 22.11.12

Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի, փոխվարչապետ Կարոլինա Պիկի, ֆինանսների նախարար Միրոսլավ Կալոուսեկի, ինչպես նաև երկրի խորհրդարանի ստորին պալատի մի քանի պատգամավորների բջջային հեռախոսահամարները հայտնվել են համացանցում, հայտնում է Euromag-ը։

 

Հեռախոսահամարները տեղադրվել են Ztohoven արտ-խմբի անդամների միջոցով, ովքեր պայքարում են, որ քաղաքացիները հսկողության տակ պահեն կառավարությանը։

 

«Չեխիայի քաղաքացիներին մենք առաջարկել ենք ժողովրդավարության ամենաուղիղ տարբերակը, և անչափ հետաքրքիր է, թե ինչպես նրանք կօգտագործեն ընձեռված հնարավորությունը»,- նշել է Ztohoven-ի ներկայացուցիչ Ռոման Տիչը։

 

Ինչպես հայտնում է BBC-ն, արտ-խումբը պատրաստվում է նաև Պրահայի փողոցներից մեկում հասարակական հեռախոս տեղադրել, իսկ դրա կողքին էլ ամրացնել մի շարք քաղաքական գործիչների հետախոսահամարները, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան զրուցել պաշտոնյաների հետ իրենց հուզող խնդիրների շուրջ՝ միևնույն ժամանակ պահպանելով անձի գաղտնիությունը։