Պուտինը երկարատև ընդմիջումից հետո` դեկտեմբերի 3-ին Թուրքիա կմեկնի

00:29 • 22.11.12

Դեկտեմբերի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկարատև ընդմիջումից հետո իր առաջին այցերը կիրականացնի, հաղորդում է Life News-ը:


ՌԴ նախագահի օրակարգում, դեկտեմբերի 3-ից 5-ը, նախատեսված է այց Թուրքիա, իսկ դեկտեմբերի 21-ին տեղի կունենա Ռուսաստան – ԵՄ 30-րդ հոբելյանական գագաթաժողովը, որի ժամանակ սպասվում է ՌԴ նախագահի ելույթը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ մոտ ժամանակ Վլադիմիր Պուտինը օտարերկրյա պետություններ այցեր կիրականացնի:


«Այցեր կլինեն, օրակարգը պատրաստ է: Սակայն մանրամասները ավելի ուշ կհայտարարենք», - ասել է նա:


Նոյեմբերի կեսերին հայտնի դարձավ Պուտինի արտասահմանյան միանգամից մի քանի այցի չեղյալ հայտարարվելու մասին: Պատճառը մամուլը փնտրում էր Պուտինի առողջական վիճակի վատացման մեջ: Դեռևս Վլադիվոստոկի գագաթաժողովի ժամանակ լրագրողները նկատել էին, որ նախագահը լրջորեն կաղում է:
 

Առաջինների շարքում, այն մասին, որ Պուտինը ողնաշարի խնդիր ունի, ինչի պատճառով նույնիսկ վիրահատություն պետք է արվի, գրել էր Reuters գործակալությունը:


Սակայն, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը վերջերս հերքել էր այդ լուրերը, բացատրելով, որ Պուտինը մարզական վնասվածք է ստացել` մարզվելիս մկանն է ձգել և լուրջ խնդիր չկա: