ԱՄՆ-ը հրադադարը կօգտագործի Իսրայելի հակահրթիռային պաշտպանության բացերը լրացնելու համար

00:13 • 22.11.12

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին խոստացել է հասնել նրան, որ Կոնգրեսը հավելյալ ֆինանսավորում տրամադրի «Երկաթյա գմբեթ» հակահրթիռային համալիրի և ՀՕՊ ոլորտում համատեղ ամերիկա-իսրայելական ծրագրերի համար, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով Սպիտակ տան այսօրվա հայտարարությանը:

 

Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացվող մարտական գործողությունը, որը, ըստ իսրայելական կողմի, արվում է ի պատասխան պաղեստինյան կողմից իրականացվող հրթիռակոծումների, դեռևս սահմանափակվում է հեռահար հարվածներով, սակայն Իսրայելը չի բացառում նաև ցամաքային գործողությունը:


Չորեքշաբթի Թել Ավիվում մարդատար ավտոբուսում ռումբ պայթեց, տուժեց մոտ 20 մարդ: Իշխանությունները կատարվածը ահաբեկչություն են անվանել, որի համար մեղադրում են պաղեստինյան գրոհայիններին:


«Նախագահ Օբաման այսօր խոսել է վարչապետ Նեթանյահուի հետ և հաստատել իր համար Իսրայելի անվտանգության ապահովման հարցի կարևորությունը: Նախագահը հստակ հասկացրել է, որ ոչ մի երկրից չի կարելի ակնկալել, թե համբերությամբ կվերաբերվի խաղաղ քաղաքացիների նկատմամբ հարձակումներին», - ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:


Միևնույն ժամանակ, Օբաման հավանություն է տվել Նեթանյահուի և Եգիպտոսի իշխանությունների ջանքերին, որոնք հնարավոր են դարձրել հրադադարը: Այնուամենայնիվ, նա շեշտել է, որ Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը շարունակում է գործել:


Նախագահը ասել է, որ ԱՄՆ–ը հրադադարի տրամադրած հնարավորությունը կօգտագործի խթանելու համար այն ջանքերը, որոնք ուղղված են օգնելու Իսրայելին՝ լրացնելու անվտանգության ոլորտի բացերը և, հատկապես, Գազա անօրինական զենքի և պայթուցիկ նյութերի մատակարարման խնդիրը լուծելու համար։