Հայաստանի հետ ինձ շատ բան է կապում. Իոսիֆ Կոբզոն

18:04 • 22.11.12

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը, ով «Ես սիրում եմ քեզ, կյանք» բարեգործական համերգով գտնվում է Հայաստանում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Հայաստանի հետ իրեն շատ բան է կապում։

 

«Ես շատ ուրախ եմ, որ նորից Երևանում եմ: Ես այստեղ մեկ անգամ չէ, որ ելույթ եմ ունեցել, և բարեգործական համերգն էլ առաջին անգամ չի տրվում, բայց այս մեկը ինձ համար մեծ նշանակություն ունի, քանի որ Հայաստանի հետ ինձ շատ բան է կապում»,- ասաց Իոսիֆ Կոբզոնը:

 

ԽՍՀՄ ժողովրդական արտիստը լրագրողներին պատմեց Հայաստանի հետ իրեն կապող հուշերի մասին: «Ինձ համար միևնույն չէ Հայաստանի ճակատագիրը: Ես մեծ հարգանք ունեմ այս բազմաչարչար ազգի հանդեպ: Ես որպես հրեա, իմանալով իմ ազգի պատմությունը, շատ ընդհանրություններ եմ գտնում մեր միջև և՛ պատմության, և՛ աշխարհագրության առումով»,- ասաց Իոսիֆ Կոբզոնը:

 

«Ես եկել եմ Սպիտակ անմիջապես, երբ հնարավոր է եղել թույլտվություն ստանալ, երբ Հայաստանում սկսվեցին սովի և ցրտի տարիները և ես հիշում եմ, որ եկա Հայաստան և բերեցի մարդասիրական օգնություն, քանի որ երեխաները ոչինչ չունեին ուտելու: Ես բեռնատարով շաքարավազ և ալյուր բերեցի»,- պատմեց Իոսիֆ Կոբզոնը:

 

Յոսիֆ Կոբզոնը ՀՀ նախագահի կողմից ստացել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, կրում է Սպիտակի պատվավոր քաղաքացու կոչում:

 

Հայաստանում տրվելիք բարեգործական համերգին կհնչեն Իոսիֆ Կոբզոնի հայտնի շատ երգեր, հայ հեղինակների կողմից հեղինակած երգեր:

 

«էստրադայում հայտնվելու իմ 50-ից ավելի տարիների երգերից նույնպես կլինեն: Հաշվել են 3000-ից ավելի երգեր կան իմ երգացանկում: Ցանկալի կլինի շատ երգեր երգել, բայց համերգի ժամանակը թույլ չի տալիս և մենք կոմպոզիցիա ենք հավաքել: Ես այսօր կձգտեմ երգել և այն երգերը, որոնք գրված են իմ հայ ընկերներ Բաբաջանյանի, Մովսիսյանի կողմից»,- ասաց նա:

 

Բեմից հեռանալու հարցին, երգիչը պատասխանեց. «Վատն է այն մարդը, ով հաշվում է տարիքը և փողերը: Ես ասացի, որ հրեա եմ, իսկ հրեաները հրաժեշտ են տալիս, բայց չեն հեռանում: Մեր մասնագիտությունը թմրանյութ է, որից չեն բուժվում»,– ասաց նա:

 

«Վաթսուն տարեկանում ես իսկապես մտածում էի հրաժեշտ տալ բեմին, բայց իմ հասակակից արտիստներից ոչ մեկը իմ օրինակին չհետևեց: Ես պատվավոր քաղաքացի եմ 33 քաղաքների և նրանք ամեն անգամ խնդրում էին ինձ նորից երգել ու չի ստացվում հեռանալ բեմից»,– ավելացրեց նա:

 

ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կարծիքով սխալ է արտիստին բաժանել մարդ տեսակից,քանի որ համոզված է, որ լավ արտիստ լինելու համար պետք է լավ մարդ լինել:

 

«Ես ունեմ նեղ մի գերեզման, որը գտնվում է իմ սրտում և որտեղ թաղում եմ իմ թշնամիներին: Այնտեղ են նաև իմ նախկին կանայք, քանի որ չեմ ընդունում դավաճանությունը: Ես երրորդ անգամ ամուսնացա, և արդեն 42 տարի է ապրում եմ երջանիկ իմ կնոջ հետ: Իմ բարեկամների շարքում է իմ անձնական բժիշկը, ով ազգությամբ հայ է, չեմ փնտրում ընկերներ «օլիգարխների» շրջանում, քանի որ նրանք չեն մտնում իմ հետաքրքրությունների շրջանակում»,– նշեց երգիչը:

 

Երգիչը ասաց, որ ինքը երբևէ մտադրություն չունի թոշակի անցնելու: «Ես զբաղվում եմ քաղաքական ակտիվ գործունեությամբ, իմ հովանու ներքո երկու մանկատուն: Կարծում եմ համերգային բեմից հեռանալու դեպքում ես կունենամ շատ անելիքներ: Ինձ համար հետաքրքիր է, որ ես հովանավորում եմ բարեգործական ծրագրեր, մանկապարտեզների, հիվանդանոցների շինարարություն»,– ասաց նա:

 

Կոբզոնը պատմեց իր կյանքից որոշ դրվագներ, թե ինչպես է ուսանող ժամանակ կրկեսում աշխատել գումար վաստակելու համար, քանի որ ուսանողական կրթաթոշակը շատ ցածր էր:

 

Արտիստին ասուլիսի ժամանակ նվիրեցին «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» վերնագրով գիրք։