Գլխավոր հյուպատոս Գրիգորյանը հանդիպել է Աջարիայի կառավարության նախագահի հետ

12:30 • 23.11.12

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը հանդիպել է Աջարիայի ինքնավար Հանրապետության Կառավարության նորանշանակ նախագահ Արչիլ Խաբաձեին, տեղեկացնում են Արտգործնախարարության մամուլի ծառայությունից:


Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: ՀՀ գլխավոր հյուպատոսը շնորհավորել է Աջարիայի նոր ղեկավարին նշանակման կապակցությամբ` հույս հայտնելով, որ Ինքնավար Հանրապետության և ՀՀ գլխավոր հյուպատոսության միջև առկա փոխշահավետ համագործակցությունը կշարունակվի նաև նոր ղեկավարության օրոք:


Աջարիայի նախագահը տեղեկացրել է նոր ծրագրերի, ինչպես նաև նախկինում սկսված ծրագրերն ավարտին հասցնելու իր մտադրության մասին:


ՀՀ գլխավոր հյուպատոսը և Աջարիայի կառավարության նախագահն անդրադարձել են Բաթում-Խուլո-Ախալցիխե-Բավրա` Հայաստանի համար կարևորություն ներկայացնող ավտոճանապարհի շինարարությանը, ինչի առիթով պրն. Խաբաձեն հայտնել է, որ երկրի ղեկավարությունը հաստատակամ է այդ ճանապարհը կառուցելու գործում:


Ճանապարհը գրեթե կրկնակի կկրճատի Հայաստանի հետ ավտոհաղորդակցության տևողությունը, ինչի շնորհիվ ավելի շատ զբոսաշրջիկներ կարող են այցելել Աջարիայի առողջարաններ:


Զրուցակիցները շոշափել են աջարահայ համայնքին վերաբերող խնդիրների լայն շրջանակ: Կառավարության ղեկավարն ընդգծել է վերջինիս ակտիվ դերը Ինքնավար Հանրապետության կյանքի ամենատարբեր ոլորտներում:


Քննարկվել են նաև Աջարիայի և ՀՀ Լոռու մարզի քույր քաղաքների միջև համագործակցության հետագա խորացմանն առնչվող հարցեր: