ՀՀ դեսպանը վրացի նախարարի հետ քննարկել է հայկական մշակույթային կոթողները հայ եկեղեցուն վերադարձնելու հարցը

13:08 • 23.11.12

Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը (աջում) նոյեմբերի 22-ին հանդիպել է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիայի հետ և քննարկել Վրաստանում գտնվող հայկական հոգևոր և մշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին վերադարձնելու հետ կապված հարցեր` կարևորելով վերջիններիս արագ և արդյունավետ լուծումը:


Ըստ ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ շնորհավորելով նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` դեսպան Մանուկյանն ընդգծել է, որ մշակույթը երկու երկրների փոխհարաբերությունների ամենակարևոր ոլորտներից է, ինչի պատճառը հայ և վրաց ժողովուրդների մշակութային արմատների մեծ ընդհանրությունն է:


Վրաստանի մշակույթի նախարարը, իր խորը հարգանքն արտահայտելով հայկական մշակույթի հանդեպ, կարևորել է այն բոլոր նախաձեռնությունները, որոնք հնարավորություն կտան երկու ժողովուրդներին և հասարակություններին, հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին, առավել լավ ճանաչել միմյանց:


Այս կապակցությամբ ՀՀ դեսպանն առաջարկել է Վրաստանում խթանել այնպիսի ծրագրերի, մասնավորապես` հեռուստանախագծերի իրագործումը, որոնք նախորդ տարիներին հաջողությամբ իրականացվել են Հայաստանում, և որոնք Վրաստանի քաղաքացիներին հնարավորութւյուն կտան ավելի լավ ճանաչելու Հայաստանը և հայ ժողովրդի մշակույթը:


Զրուցակիցները համաձայնել են այդօրինակ նախագծերի ծրագրման և իրականացման արդյունավետության հարցում:


Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների միջև 2013-2015թթ. համագործակցության ծրագրի նախագծի շրջանակներում, ինչպես նաև Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվելիք մշակութային միջոցառումներին նախարարության աջակցությանը և համատեղ միջոցառումների կազմակերպմանը: