Չի բացառվում, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին սատարի Սերժ Սարգսյանին. Արտակ Զաքարյան
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց, թե չի բացառվում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիկա նախագահական ընտրություններին սատարի նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Հարցին, թե ինչի դիմաց, ԲՀԿ-ն նման քայլի կգնա, պատգամավորը պատասխանեց. «Հանուն Հայաստանի Հանրապետության ապագայի»:
Անդրադառնալով վերջերս ԲՀԿ տարբեր ներկայացուցիչների կողմից արված այն հայտարարություններին, թե իրենք առաջիկա ընտրություններին հանդես են գալու սեփական թեկնածուով, նա նշեց, որ այսօր ԲՀԿ-ն իր հետագա տարիների անելիքների խնդիրը լուծելու հարցի առջև է կանգնած և իրականում չի մտածում նախագահ ունենալու մասին:
«Այսօր ԲՀԿ-ն փնտրտուքների ու կողմնորոշումների մեջ է: Այն լուրերին, որ ունենալու է սեփական թեկնածու, այս պարագայում նորմալ են վերաբերվում, քանի որ փորձում են իրենց դերակատարումն առաջիկա տարիների համար կարևորել»,-ասաց նա:
Արտակ Զաքարյանը նաև համոզմունք հայտնեց, որ ընդդիմությունը նախագահական ընտրություններին հանդես չի գա մեկ միասնական թեկնածուով, քանի որ կուսակցություններից յուրաքանչյուրը հետապնդում է իր շահերը:
Անդրադառնալով ՀՀԿ-ի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանին՝ նա նշեց, որ վերջինս մրցակից չունի, և նա է այն մարդը, ով կանգնած է Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման ակունքներում:










