Էլիզաբեթ 2-րդի դիմանկարները ցուցադրության են հանվել Վինձորի պալատում

13:49 • 23.11.12

Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի՝ հանրահայտ նկարիչների կողմից արված նկարները ցուցադրության են հանվել Վինձորի պալատում, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ 


Ցուցադրությունը նվիրված է թագուհու 60-ամյա գահակալմանը, ինչպես նաև նրա թագադրման 60-ամյակին, որը կնշվի հաջորդ տարի։


Թագավորական նստավայրում կարելի է տեսնել փոփ-արտի հիմնադիրներից մեկի՝ էնդի Ուորհոլի և հոգեբանական դիմանկարի վարպետ Լյուսեն Ֆրեյդի, ինչպես նաև հայտնի լուսանկարիչներ Սեսիլ Բիթոնի և Էնն Լեյբովիցի գործերը։


Էլիզաբեթ 2-րդի ամենավաղ նկարներից մեկը լուսանկարիչ Դորոթի Ուիլդինգի աշխատանքն է։ Նկարն արվել է 1952թ. փետրվարին, հետագայում այն օգտագործվել է փոստային նամականիշերի տպագրությունում։

 

Այցելուների հատուկ ուշադրությունը կարող են գրավել թագուհու 4 դիմանկարները, որոնք արվել են Էնդի Ուորհոլի կողմից և ձեռք են բերվել այս տարի, արվեստի գործերի շուկայում, հենց թագուհու կողմից՝ Թագավորական հավաքածուի համար։ Վառ կտավները ծածկված են ապակու մանր մասնիկներով, որոնց փայլը տպավորություն է ստեղծում, թե դրանք ծածկված են փոքր ադամանդներով։


«Թագուհի. Միապետի դիմանկարները» ցուցադրությունը բացվել է այսօր և կտևի մինչև 2013թ. հունիսի 9-ը։