Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան, սակայն ժամկետը դեռ հայտնի չէ

17:18 • 23.11.12

Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանի միջոցով տեղեկացրել է, որ երգչուհու աճյունը կտեղափոխվի Հայաստան, սակայն առ այս պահը ժամկետների մասին հայտնի չէ:


Այս մասին Tert.am-ին հայտնեց Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Ալլա Սերոբյանը:

 

«Քանի որ ամերիկյան օրենքներով՝ փաստաթղթային ձևակերպման գործընթաց կա, և այդ հարցերի լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում նաև Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսարանի կողմից»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ երգչուհին մահացել էր նոյեմբերի 20–ին Լոս Անջելեսում՝ լեղապարկի վիրահատության ժամանակ։

 

Նախարարության աշխատակցի խոսքով՝ աճյունի Հայաստան տեղափոխման ժամկետների հստակեցումից հետո, վարչապետի որոշմամբ կձևավորվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով, կկազմակերպվեն երգչուհու հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները:


«Վարչապետի որոշմամբ ստեղծվելիք այդ հանձնաժողովը կորոշի, թե որտեղ կամփոփվի երգչուհու աճյունը՝ Պանթեոնու՞մ, թե մեկ այլ վայրում»,- ասաց Ալլա Սերոբյանը: