Սաակաշվիլին խոստացել է Վրաստանից չփախչել
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ երկիրը լքել: Նման հայտարարություն, Новости-Грузия-ի փոխանցմամբ, նախագահն արել է այսօր Բագրատի տաճարում, որտեղ տեղի է ունեցել Վրաստանում պետական տոն համարվող Սուրբ Գևորգի օրվա տոնակատարությունը:
Նշելով, որ Վրաստանը ներկայում «փորձությունների» փուլ է անցնում, նախագահը հայտարարել է, որ մտադիր է այդ փորձությունները ժողովրդի հետ կիսել:
«Ես, իհարկե, ժողովրդիս չեմ թողնի: Մենք կհաղթահարենք խնդիրները և մեր երկիրը այս փորձություններից դուրս կբերենք», - ասել է նա:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին, խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության կրած պարտությունից հետո, զրկվել է կառավարության և խորհրդարանի աջակցությունից:
Այս պայմաններում Սաակաշվիլիի մոտ շրջանակից շատերը նախընտրել էին երկիրը լքել:
Նախագահի կողմնակիցները երկրի նոր իշխանություններին մեղադրում են հաշվեհարդար տեսնելու մեջ: Ինքը Սաակաշվիլին հիշել է Ռոբեսպյերի ժամանակվա Ֆրանսիայի սպանությունները:
Իր հերթին, սակայն, նոր կառավարությունում, բռնաճնշումների վերաբերյալ մեղադրանքները հերքում են:
Սաակաշվիլին դեռ շարունակում է պաշտոնավարել որպես երկրի նախագահ (հաջորդ նախագահական ընտրությունները կանցնեն 2013թ. աշնանը), սակայն նրա ազդեցությունը վերջին շրջանում զգալիորեն պակասել է:










