Վ. Չախալյանն ու Աբխազիայի հայ համայնքի նախկին առաջնորդը այսօր Վրաստանում ազատ արձակվող շուրջ 500 հոգու թվում չեն

12:48 • 23.11.12

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից Վրաստանում նոյեմբերի 23-ին նշվող Սուրբ Գեորգիի (Գիորգոբա) տոնի առթիվ հայտարարված համաներման արժանացած 519 բանտարկյալների թվում չկան ո՛չ Վահագն Չախալյանը, ո՛չ Աջարիայի հայ համայնքի նախկին ղեկավարը: Ինչը, մեղմ ասած, զարմացրել է Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրներով զբաղվող «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանին:

 

«Հայեր կան, թե՝ ոչ, չեմ կարող ասել, բայց այն հայերը, որոնք մեր ուշադրության ներքո էին՝ չկան»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Առնոլդ Ստեփանյանը:


Հիշեցնենք, որ տասը տարվա ազատազրկման դատապարտված ջավախահայ ակտիվիստ, «Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանն արդեն հինգերորդ տարին է՝ գտնվում է բանտում և իր պատիժն է կրում «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» և «զենքի պահպանման» մեղադրանքներով:



Նշենք, որ կալանավորներից 50-ի ժամկետը կրճատվել է կիսով չափ, իսկ 469 դատապարտյալ ազատ է արձակվել:


Ինչ վերաբերում է Աջարիայի հայ համայնքի հայ առաջնորդին, ապա նա քրեակատարողական հիմնարկում է լրտեսության մեղադրանքով, որը Առնոլդ Ստեփանյանի խոսքով՝ Վրաստանում բավականին «մոդայիկ» հանցագործություն է:


«Եվ իր հետ, եթե չեմ սխալվում, երեք հայ են նստացրել»,- ասաց Առնոլդ Ստեփանյանը՝ հիշեցնելով, որ Ջավախքի հայ բնակչությունը, հատկապես՝ Վահագն Չախալյանի դեմ առաջ քաշած բոլոր մեղադրանքները անհիմն և շինծու է համարում:


«Շպիոնաժով շատ ու շատ մարդիկ են Վրաստանում նստած, և քանի որ այն շատ պոպուլյար էր Վրաստանի նախկին իշխանությունների կողմից, մենք համարում ենք, որ այստեղ կա քաղաքական հիմք: Արմենի դեպքում (Աջարիայի հայ համայնքի ղեկավարի - Tert.am) ես դժվարանում եմ ասել, որ էնտեղ քաղաքական հիմք կա, քանի որ ես չգիտեմ: Չնայած, ոչ մի բան չեմ բացառում»,- ասաց Առնոլդ Ստեփանյանը:


Նշենք, որ Ռուսթավի N1 քրեակատարողական հիմնարկից հոկտեմբերի մեկի խորհրդարանական ընտրությունների նախօրեին Վահագն Չախալյանը ջավախահայությանն ուղղված նախընտրական ուղերձով էր հանդես եկել, որում նա կոչ էր անում ընտրություն կատարելիս քաջ գիտակցել, որ քանի դեռ բանտում կամ աքսորում են գտնվում «Միասնական Ջավախքի» անդամները, այլ ջավախահայ քաղաքական գործիչներ և ակտիվիստներ, Ջավախքում ոչ մի ընտրություն չի կարող ազատ, արդար և լեգիտիմ համարվել:


Ինչպես նաև քաջ գիտակցել, որ. «Սաակաշվիլիի իշխանության մնալու դեպքում նոր թափ են ստանալու դեպի Ջավախք թուրքական ներթափանցման գործընթացները, ինչպես նաև «Ջավախքում բազմապատկվելու են անօրինական ձերբակալությունները և սեփականության բռնագրավման դեպքերը, բանտում են մնալու ջավախահայ քաղբանտարկյալները, շարունակվելու է հայկական դպրոցների դեմ գրոհը»,- ուղերձում ասել է նա։