Մշակույթի նախարարը տեղյակ չէր, որ պատմական հուշարձանների անունները կեղծվում են. ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան

16:23 • 23.11.12

ՀՀ մշակույթի նախարարը տեղյակ չէր, որ պատմական հուշարձանների անունները կեղծվում են: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: Նա նշեց, որ հարցի մասին ահազանգել են նախարարին և նա խոստացել է, որ բոլոր թերությունները կշտկվեն:


«Ցավալի է, որ մեր օրերում Հայաստանի տարածքում պատմական հուշարձանների անունները կեղծվում են և ներկայացվում են ադրբեջանականները: Ինքս եմ խոսել մշակույթի նախարարի հետ: Նա զարմացավ, որ նման բան է եղել, որ ինքն էլ տեղյակ չէ: Ես հավատում եմ նրա անկեղծությանը: Հասմիկ Պողոսյանը կարգադրեց, որ վերացվի այդ խնդիրը: Դրանից անցել է մոտ մեկ տարի, սակայն հարցը մինչև վերջ լուծված չէ»,- ասաց նա և նշեց, որ հնարավոր է, որ նախարարը տեղյակ չլիներ, բայց անհնար՝ ամբողջ համակարգի դեպքում:

 

Ասվածին որպես օրինակ՝ Էդիկ Մինասյանը նշեց, որ Հաղպատի վանքի տեղեկատվական վահանակի վրա նշված է եղել. «Սայաթ-Նովան դիվանագիտական առաքելություն էր կատարում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի թագավորությունների համար»:

 

«Նախ Սայաթ-Նովան՝ մեր մեծ աշուղը երբեք չի եղել դիվանագետ և նման ծառայություններ չի իրականացրել, իսկ Ադրբեջանը ստեղծվել է ընդամեն անցած դարասկզբին և չէր կարող լինել թագավորություն: Ակնհայտորեն կեղծվում են պատմական իրադարձությունները»,-ասաց նա։

 

Պատմաբանը ցավալի համարեց այն, որ ոլորտի հայ փորձագետներից և ոչ մեկը տեղյակ չէ ցուցակների պատրաստման աշխատանքներից: «Պետք էր մասնագիտական փորձաքննություն անցկացվեր, տրվեր եզրակացություն, որի հիման վրա էլ կազմվեին հուշարձանների տեղեկատվական ցուցանակները: Այնինչ այն հանձնվել է ինչ-որ ամերիկյան կազմակերպության, որը, շատ հնարավոր է, Ադրբեջանի կողմից քաղաքական պատվեր է իրականացնում»,-ասաց նա:

 

Էդիկ Մինասյանը տեղեկացրեց, որ վահանակները տեղադրվում են «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի» շրջանակներում, որը իրականացնում են ամերիկյան մասնագետները:

 

Էդիկ Մինասյանը նշեց, որ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ հանդիպմանը բարձրացրել է նաև հուշարձանների ու տեղադրվող ցուցանակների վերահսկողության հարցը:

 

«Պատահական անձը չպետք է գնա տեսնի ու ահազանգի: Պետք է լինեն հատուկ աշխատողներ ովքեր պարբերաբար կհետևեն ու կզեկուցեն նախարարությանը»,- ասաց նա: