Եվրատեսիլի հայկական մասնակից Compass–ը Ամստերդամ կմեկնի նոյեմբերի 26-ին
«Մանկական Եվրատեսիլ 2012»-ի հայ մասնակից խումբ Compass-ը նոյեմբերի 26-ին կմեկնի Ամստերդամ, որտեղ այս տարի տեղի կունենա մրցույթը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
«Ամստերդամ մեկնելուց հետո կսկսվեն աշխատանքները: Այս տարի շեշտը դրվելու է դոկումենտալ կադրերի վրա, երեխաների ամեն քայլը, շարժը նկարահանվելու է և ցուցադրվելու է շոու ժամանակ: Կփորձենք տարբերվել բոլորից և գրավել բոլորի ուշադրությունը»,- ասաց Գոհար Գասպարյանը:
Compass–ի բոլոր անդամները` Աբրահամը, Դավիթը, Արամը և Արշավիրը տասներեք տարեկան են և սովորում են Չեխովի դպրոցում:
Խմբի անդամներն ասացին, որ փորձելու են լավ և տպավորիչ ելույթ ունենալ և հաղթել: Նրանք նաև նշեցին, որ կերգեն այնպես, որ և՛ իրենք հաճույք ստանան իրենց ելույթից, և՛ ուրիշներին հաճույք պատճառել:
«Մեծ պատասխանատվություն է ներկայացնել ազգը, երկիրը այսպիսի մեծ մրցույթում: Մեր գլխավոր մրցակից համարում ենք Ռուսաստանին, Իսրայելին»,- ասացին նրանք։
Ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի հետ որոշվել է բեմադրությունը անել «Բիթլս» խմբի նմանողությամբ: Մինչ մրցույթի օրը` դեկտեմբերի 1-ը, կլինի նաև գլխավոր փորձ, երբ գնահատական կտա ժյուրին, իսկ մրցույթի օրը կքվեարկի հեռուստադիտողը:
«Խմբի անունը որոշվել է պատկերացնելով աշխարհի չորս բևեռները: Անցած տարիներին էլ մենք միշտ հետևել ենք Եվրատեսիլին, և միշտ երազանք է եղել հասնել այդ բեմին: Եվրատեսիլից հետո շարունակելու ենք մեր երաժշտական գործունեությունը»,- ասացին խմբի անդամները:
Մրցութային օրը Ամստերդամի համերգային դահլիճից հնչելու է նաև հավաքական երգ` նվիրված երեխաների իրավունքներին, որը կատարելու են բոլոր երեխաները քվերակության ընթացքում:
«Մանկական Եվրատեսիլ 2012»-ի նշանաբանն է «Կոտրի՛ր սառույցը»։ Դահլիճի ամբողջը ձևավորումը լինելու է սառույցի թեմայի մեջ։ Մրցանակն էլ է այդպիսին լինելու, սակայն դեռ վերջնական տեսքը հայտնի չէ։










