Սեդա Արոնովան «Լևոն Արոնյան» գրքում պատմում է որդու մանկության և շախմատային առաջին քայլերի մասին

21:16 • 23.11.12

Շախմատիստ Լևոն Արոնյանի մանկությունն ու շախմատում կատարած առաջին քայլերի մասին, նրա մայրը՝ Սեդա Արոնովան «Լևոն Արոնյան» գիրք է հեղինակել: Այսօր «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:


Գրքի հեղինակը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ ինքը այն նվիրել է Լևոնին՝ նրա ծննդյան 30-ամյակի կապակցությամբ:


«Ես անընդհատ փնտրում էի մի մնայուն նվեր: Բայց սրանից ավելի լավ նվեր չգտա: Քանի որ ես ունեի տղայիս մասին ամսագրերում ու թերթերում տեղ գտած պատառիկներ, որոշեցինք դրանք օգտագործել: Ես ավելի շատ գրել եմ նրա առաջին քայելի մասին, իսկ Արոնյանի մասին, որպես գրոսմաստեր, գիրքը ընթերցողների դատին կհանձնեմ մյուս տարի»,- ասաց նա և բացատրեց, որ գիրքը ռուսերեն լեզվով է լույս տեսել, որպեսզի այնտեղ տեղ գտած շախմատիստի հարցազրույցները և պարտիաների մեկնաբանությունները թարգմանական սխալներ չկրեն:


Սեդա Արոնովան կիսվեց իր հույզերով, որոնք ապրում է ամեն անգամ, երբ Լևոնը մասնակցում է ինչ-որ մրցաշարի, բայց դրանցից մեկը՝ աշխարհի գավաթի նվաճումը, ամենատպավորիչն է եղել: Գրքի հերոսը՝ Լևոն Արոնյանը նշեց, որ իր համար ամենատպավորիչը գրքի սկզբն է, որտեղ նկարագրվում է 1990-ական թվականներին իրենց ընտանիքի անցած ճանապարհի մասին:
«Սա գիրք է, որը պատմում է, թե ինչպես կարելի է անցնել դժվարությունների միջով ու հասնել հաջողությունների: Այն նաև իմ կայացման մասին է և այն ջանքերի, որ մայրս է թափել ինձ համար»,- ասաց նա:


Գրքի շնորհանդեսի մասնակիցներից ՀՀ գրողների միության նախագահն էլ ընդգծեց, որ գիրքը բացառիկ է առաջին հերթին իր հերոսով:

«Այս գիրքը պետք է թարգմանել միջազգային մի շարք լեզուներով, որպեսզի մարդիկ ավելի լավ ճանաչեն մեր գրոսմայստերին: Կարծում եմ, որ այն աշխարհի տարբեր աստղերի մասին պատմող գրքերի կողքին իր յուրահատուկ տեղը կգրավի»,-ասաց նա:
Նշենք, որ գիրքը լույս է տեսել 3000 տպաքանակով, այն դրված չէ վաճառքի: Բայց ինչպես նշեց գրքի հեղինակը, եթե այն հավանության արժանանա՝ հատկապես լրագրողների շրջանակում, ապա վերստին կտպագրվի: