Սևանա լիճ է բաց թողնվել գեղարքունի և ամառային իշխան ձկնատեսակի հերթական խմբաքանակը
Նոյեմբերի 22-ին Բնապահպանության նախարարության աշխատակիցների կողմից կազմակերպվել է գեղարքունի և ամառային իշխանի մանրաձկների հերթական խմբաքանակի՝ բացթողումը Սևանա լիճ:
Ինչպես տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, ընդհանուր առմամբ, այս տարի Սևանա լիճ է բաց թողնվել 3 գրամ և ավելի կշռով 200 հազար հատ ամառային իշխան և 166 հազար հատ գեղարքունի մանրաձուկ, որոնք ձեռք են բերվել «Արևաձուկ» կազմակերպությունից և Անգեղակոթի ձկնաբուծական գործարանից: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 59.5 մլն դրամ:
Ձկների բացթողման արարողությանը նախորդել են բնապահապանության նախարար Արամ Հարությունյանի՝ Գեղարքունիքի մարզպետարանում անցկացրած խորհրդակցությունը՝ Սևանա լճում ձկնորսության արգելանքի ռեժիմի սահմանման վերաբերյալ, որին մասնակցել են բոլոր շահագրգիռ կողմերը՝ Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները, մարզային ոստիկանության, լճին հարակից համայնքների ղեկավարները:
Քննարկվել են Սևանա լիճը գոտևորող անտառային բոլոր ճանապարհների փակման և հսկիչ կետերի տեղեկայման, լճից լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրսբերման, շուրջօրյա հերթապահության սահմանման մասին հարցեր:
«Ձվադրման շրջանում արհեստական միջամտություն ենք անում՝ նպատակ ունենալով աշխատանքներն այնպես կազմակերպել, որպեսզի հետագայում հաջողությամբ կարողանանք արձանագրել բնական վերարտադրությանը: Դրա համար անհրաժեշտ է դադարեցնել բոլոր մուտքերն ու ելքերը դեպի լիճ: Բնապահպանության նախարարության, Ոստիկանության և Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ արդեն ունենք միջոցառումների ծրագիր և աշխատելու ենք այդ ծրագրով»,- նշել է նախարարը:
Արամ Հարությունյանը ընդգծել է, որ Գեղարքունիքի մարզում ձկնագողության դեպքերի նվազեցման ուղղությամբ կազմակերպվելու են խիստ միջոցառումներ:
Բնապահպանության նախարարի հանձնարարականով, մոտակա երեք օրերի ընթացքում պետք է սահմանել շուրջօրյա հսկողություն, քանի որ մանրաձկան բացթողումից, հետո այն մնում է նույն տեղում՝ մինչև ադապտացիոն շրջանի ավարտը:










