ՀՀԿ-ն բարեգործական ավտոբուսներ չունի և բացառապես քաղաքականությամբ է զբաղվում. Է. Շարմազանով
Քննադատելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բարեգործական անվճար ավտոբուսները, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդուհանդերձ չի ցանկանում հետ մնալ վերջիններից: Tert.am-ի թղթակիցը երեկ Երևանի Կորյուն փողոցում նկատել էր բարեգործական ավտոբուս՝ «անվճար» գրառմամբ, այս անգամ արդեն՝ ՀՀԿ լոգոյով:
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Tert.am-ի հետ զրույցում հավատացրեց, որ ՀՀԿ-ն բարեգործական ավտոբուսներ չունի, իսկ նշյալ ավտոբուսներն ըստ նրա, հավանաբար, անհատ կուսակցականի նախաձեռնությամբ է:
«Պաշտոնապես ասում եմ, որ կուսակցությունը բարեգործությամբ չի զբաղվում: Կան կուսակցականներ, ովքեր հիմնադրամների միջոցով կարող են իրականացնել բարեգործություն, բայց ՀՀԿ-ն այն եզակի քաղաքական կայացած կուսակցություններից է, որն ունի գաղափարախոսություն և համախմբված է այդ գաղափարախոսության շուրջ ու բացառապես քաղաքականությամբ է զբաղվում: Մեր կուսակցությունը գործում է ՀՀ օրենքի և Սահմանադրությանը համապատասխան և հիմնված չէ փողի և ադմինիստրատիվ ռեսուրսի վրա»,-ասաց նա:
Էդուարդ Շարմազանովը նույնիսկ հարկ համարեց հիշեցնել ՀՀԿ-ի գաղափարախոսությունը. «Ազգային պահպանողական գաղափարախոսությունն է, որտեղ հիմնական մաս է կազմում Գարեգին Նժդեհի ուսմունքը»:










