Սիրիայում ահաբեկչությունից 3 մարդ է զոհվել և տասնյակ վիրավորներ կան
Երեք մարդ է զոհվել և մեկ տասնյակ վիրավորվել այսօր Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը` հղում կատարելով SANA գործակալությանը:
Սիրիայի Իդլիբ շրջանում պայթեցվել է ականապատված ավտոմեքենան, որում, ինչպես հաղորդվում է, գտնվել է «Ալ Կաիդայի» մահապարտ ահաբեկիչը:
Գործակալությունը նաև հաղորդում է «զինված բանդիտների» կողմից 4 խաղաղ բնակչի գնդակահարության մասին երկրի արևելյան Դեյր էզ-Զաուր քաղաքում: Գրոհայինները փոխանցել են մարդկանց մահապատժի տեսանյութը մի շարք արբանյակային հեռուստաալիքներին` այդ սպանության մեջ մեղադրելով կառավարական զորքերին:
Սիրիայի բանակը ծանր մարտեր է մղում ընդդիմության դեմ մի քանի ճակատներում` Դամասկոսի արվարձաններում և Հալեպ քաղաքում: Մայրաքաղաքը անդադար ականանետային գնդակոծման է ենթարկվում, տասնյակ խաղաղ բնակիչներ զոհվել և վիրավորվել են, վկայում են ականատեսները:
Այդ ֆոնին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը այսօր Դամասկոսում Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ սիրիական իշխանությունները կշարունակեն ազգային երկխոսություն ստեղծել մինչև լիակատար հաջողությունը` միաժամանակ ոչնչացնելով միջազգային ահաբեկչությունը:










