Փուչիկների պատվիրատուի նկատմամբ քրգործ հարուցելու՝ Վանաձորի ՀՔԱ-ի պահանջը մերժվել է

18:17 • 23.11.12

Ոստիկանությունը մերժել է Հանրապետության հրապարակում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ գազով լիցքավորված փուչիկների բռնկման գործով քրեական գործ հարուցելու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պահանջը, այս մասին տեղեկացնում է Վանաձորի ՀՔԱ գրասենյակը: 


Հիշեցնենք, որ Կազմակերպության կողմից դիմում էր ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն, որն էլ այն վերահասցեագրել էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:

 

Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը դեռևս 2012 թ. հուլիսի 24-ին որոշում է կայացրել փուչիկների լիցքավորման պատվիրատուների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության պատճառով:

 

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 4-ին Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպված զանգվածային միջոցառման ընթացքում գազով լիցքավորված փուչիկների բռնկման հետևանքով բազմաթիվ անձինք մարմնական վնասվածքներ էին ստացել, ինչի համար երկու տարվա ազատազրկման դատապարտվեց փուչիկները լիցքավորած Սերոբ Բոզոյանը:

 

Կազմակերպության դիմումի համար հիմք էր հանդիսացել Ս. Բոզոյանի կնոջ՝ Մարիա Բոզոյանի՝ «168 ժամ» թերթին տված հարցազրույցը, որում վերջինս ասել էր, որ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանն է փուչիկների պատվիրատուն, ում իր ամուսինը զգուշացրել էր մեթանով լիցքավորման վտանգավորության մասին:

 

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության կողմից ստացված գրության համաձայն՝ դիմումում նշված հանգամանքները քննության են առնվել քրեական գործի նախաքննության ժամանակ: