Նոր ռեկորդ YouTube–ում. Gangnam style երգը դարձել է կայքի ամենադիտված տեսահոլովակը

22:08 • 24.11.12

Forbes ամսագրի կայքը տեղեկացնում է, որ հարավկորեացի ռեփեր PSY-ի Gangnam Style երգի տեսահոլովակը YouTube կայքի պատմության մեջ ամենաշատն է դիտվել՝ առաջ անցնելով կանադական փոփ երգիչ Ջասթին Բիբերի Baby երգի տեսահոլովակի գրանցած ցուցանիշից:


Երևանի ժամով 20:10-ի դրությամբ, 34 ամյա հարավկորեացի երգիչ Պակ Չե Սանի տեսահոլովակը դիտել է 805,055,375 մարդ, մինչդեռ 18 ամյա կանադացու տեսահոլովակը, որը երկար ժամանակ գլխավորում էր այս աղյուսակը, գրանցել է 803,732,561 դիտում:


PSY-ի երգի «լայք»–երի քանակը հասել է 5,362,374-ի: Այս ցուցանիշով տեսահոլովակը իր մյուս մրցակիցներից առաջ էր անցել արդեն մեկ ամիս առաջ:


Տվյալ ռեկորդը արդեն գրանցվել է Գինեսի Ռեկորդների գրքում, որպես YouTube ինտերնետ-ծառայությունում ամենաշատ ձայներ հավաքած տեսահոլովակ:


Forbes-ը տեղեկացնում է, չնայած նրան, որ Gangnam style տեսահոլովակը կայք էր ներբեռնվել 132 օր առաջ, սակայն նրան հաջողվեց առաջ անցնել Baby տեսահոլովակից, որը ներբեռնվել էր 2.5 տարի առաջ:


ChannelMeter վիճակագրական ծառայություն տեղեկացնում է , որ Gangnam style տեսահոլովակը օրական միջինը դիտում է մոտ 6.1 միլիոն մարդ: